Միջազգային կառույցների եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնում Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի արթիվ եւ կոչ են անում Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժն Հայաստանի եւ Արցախի միջեւ։ Սակայն հայկական կողմից քաղաքական ու իրավական որոշումների բացակայությունը բերում է հումանիտար հարցերի ծայրահեղ սրամնը եւ արգելափակում է միջազգային լեգիտիմ աջակցությունը։
Հայաստանի Ազգային ժողովը Բերձորի միջանցքի շրջափակումից հետո դեկտեմբերի 14-ին հայտարարություն է ընդունել ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ անվանումով։
Հայտարարության մեջ նշվում է, որ «հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից»: Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, ասված է հայտարարության մեջ:
Խորհրդարանը կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ «ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»: Իսկ միջազգային հանրությանը կոչ են արել «խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար»:
Որպես հումանիտար աղետը կանխարելելու քաղաքական քայլ առաջարկվում է «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը»: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ», ասված է ՀՀ ԱԺ հայտարարության մեջ:
Ելնելով այս հայտարարությունից, Հայաստանի Հանրապետությունը չի վերցնում իր վրա ոչ մի պատասխանատվություն եւ պարտականություն՝ իր իսկ կողմից ստորագրված՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը երաշխավերելու համար։ Դիմել Ռուսաստանին, միջազհային հանրությանը, բայց չընդունել քաղաքական որոշումներ, որոնք կարող են կանխել աղետը, նշանակում է կամ քաղաքական անմեղսունակություն, կամ հակահայ ծրագրերին մեղսակից լինել։ Հայտարաության մեջ չկա նույնիսկ կոչ Բաքվին՝ բացել միջանցքը։ Չի հայտարարվել նաեւ, որ բազմաթիվ խախտումների ուժով եռակողմ հայտարարությունն այլեւս առ ոչինչ է։
Քաղաքական պահանջների եւ հայկական «կարմիր գծերի» բացակայությունը սսստկացնում է թշնամիների ախորժակը եւ ավելի է մոտեցնում հումանիտար աղետը, քանի որ նույնիսկ ամենաշահագրգիռ միջազգային գործընկերները չեն կարողանում որեւէ գործիք օգտագործել առանց Հայաստանի դիմումի։ Քանի դեռ կա եռակողմ հայտարարությունն, եւ Հայաստանը կառչում է դրանից, միջազգային հանրությունը չի կարող ոչ քաղաքական, ոչ իրավական որոշումներ ընդունել։
Այնինչ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը:
Այսօր Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:
Միեւնույն ժամանակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: «Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին», ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի, ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրների պաշտոնական ներկայացուցիչներ որպես մեղավոր կողմ միանշանակ մատնացույց են անում Ադրբեջանին եւ կոչ անում կատարել գոնե նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվի հանդեպ մեղադրանք չի հնչեցրել, բայց ասել է, որ ճանապարհի արգելափակումը «տեղի է ունեցել կողմերի՝ հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունների պատճառով»։
ՌԴ՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ, կարծես, նորմալ է համարում կենսական ճանապարհի փակումը եւ հումանիտար ճգնաժամի հրարումը՝ «տարաձայնությունների» պատճառով։ Զարմանալի ոչինչ չկա՝ նույն ոճով Ռուսաստանն այս օրերին «խաղաղություն է հարկադրում» Ուկրաինայում՝ քանդելով այդ երկրի ողջ էներգետիկ համակարգը։
Լաչինի միջանցքով երթեւեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին․ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը՝ Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումներում ասել է․ «Մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ սահմանափակված է, ինչն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու ԱՄՆ-ի հնարավորության վրա: Չնայած այդ սահմանափակումներին՝ ԱՄՆ-ն փորձել է օգնել հակամարտությունից տուժածներին, որոնցից շատերը Հայաստանում են: Այնպես որ 21 միլիոն դոլարի մեր մարդասիրական օգնության մեծ մասն ուղղվում է այդ ջանքերին»:
ԱՄՆ, այլ երկրներ պնդում են, որ Արցախը պետք է բաց լինի միջազգային կազմակերպությունների եւ հանրության համար։ Փորձագետները ասում են, որ այս օրերի շրջափակման պատճառներից մեկն է այն, որ Բաքուն ու Մոսկվան այլեւս չեն կարողանում բացատրել, թե ինչո՞ւ են արգելում ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների, ի վերջո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մուտքն Արցախ։
Հայաստանի կողմից քաղաքական քայլերի բացակայությունը հանգեցնում է եռակողմ հայտարարության օրինականացմանը եւ Արցախի կարգավիճակի՝ որպես իրավուքների եւ անվտանգության երաշխիքի բացառմանը։ Չնայած, որ ՄԱԿը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ եւ Ֆրանսիան, այլ երկրնեն, պնդում են, որ հակամարտությունը լուծված չէ, Մոսկվան եւ Բաքուն՝ Երեւանի համաձայնությամբ փորձում են ամրագրել 2020 թ․ ահաբեկչական պատերազմի արդյունքները եւ ստանալ Արցախն ոչնչացնելու միջազգային մանդատ։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունն, ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
«Մենք ակնկալում ենք կառավարության արագ գործողությունները՝ վերջ դնելու Ալիևի դաժան բռնապետության կողմից ստեղծված հումանիտար աղետին, մասնավորապես՝ ճանապարհի ապաշրջափակման և շրջափակումը չկրկնելու համար միջազգային երաշխիքների ստեղծման, ինչպես նաև Եվրամիության կողմից Ստեփանակերտ օդային փոխադրումներ կազմակերպելու միջոցով», – նշված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունում։
«Լաչինի միջանցքի փակումը եւ Ղարաբաղի ժողովրդին տոտալ շրջափակման մեջ վերցնելը ոչ միայն կոպտագույն խախտում է 2020թ․ թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլ նաեւ բոլոր բանակցային կետերի, որոնց մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել է հստակ կետ Լաչինի միջանցքի վերաբերյալ եւ որոնք բանակցվել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի Հանրապետության միջնորդությամբ», ասված է Վրաստանի հայկական կազմակերխությունների՝ Վրաստանում ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպաններին ուղված նամակում։
«Ինչ վերաբերվում է այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահներին, ապա նրանք կամ չեն կարող, կամ էլ չեն ցանկանում ապահովել միջանցքի բնականոն աշխատանքը, ինչը կասկածի տակ է դնում նրանց ներկայության անաչառությունը եւ նպատակահարմարությունը։ Մեր համոզմամբ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային խաղաղապահ ուժեր եւ այս գործում մեծ պետք է լինի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի դերակատարումը», ասված է նամակի մեջ։
Ցավոք, այս հայտարարության հեղինակը Հայաստանի խորհրդարանը չե։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: