Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս վճիռ կայացրեց  «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով, արձանագրելով, որ  խախտվել է  դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը։ Սամվել Մնացականյանը մահացել է անցյալ տարի, և ՄԻԵԴ սահմանած փոխհատուցումը՝ 4900 եվրո չափով, կստանան դատավորի ժառանգները։

Որոշումն այս պատմական դեր ունի դատական  իշխանության համար։ Դատավորների աշխատանքային հարցերը քննվում են առանձնացված վարույթների շրջանակում։ Նախկինում արդարադատության խորհրդ, իսկ այժմ Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ ՄԻԵԴ որոշմամբ նախադեպ ու  հնարավորություն է ստեղծվում, որ դատավորները իրենց աշխատանքային վեճերը բողոքարկեն ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք՝ 2011թ. մայիսի 30-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանը բավարարել էր մեղադրյալ Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել էր գրավով: Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանի գրությամբ Արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ հարուցեց դատավորի նկատմամբ և որոշեց, որ կալանքի որոշումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշում կայացնելիս Մնացականյանը չի պատճառաբանել այդ որոշումը՝ թույլ տալով կամայականություն: 2011-ի հուլիսի 11-ին ՀՀ  նախագահի հրամանով դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցվեցին։

Փաստորեն, դատավորը պատժվել էր կալանքը գրավով փոխարինելու համար։

«Դատավոր Մնացականյանը պատժվեց, որպեսզի որևէ այլ դատավորի մտքով չանցնի՝ շեղվել հաստատված կարգից. եթե չկա հրահանգ, որ կալանք չի կիրառվելու, ապա լռելյայն՝ պետք է կիրառվի կալանք, — ֆեյսբուքյան էջում նշում է փաստաբան Արտակ Զեյնալյանը, որը ՄՒԵԴ դիմող դատավորներից էր, — այսօրվա վճռում Եվրոպական դատարանը հայտարարել է, որ Կոնվենցիայի իմաստով և, Հայաստանի պարագայում, բացակայում է որևէ օբյեկտիվ հիմք, որով օրենսդիրը զրկել է դատավորին իր լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորությունից»։

Այն ժամանակ՝ 2010-2011 թվականներին ՀՀ-ում քրեական գործերի մինչդատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է մեծ մասամբ կալանավորումը։ Դատարանները իշխանության ճնշման տակ էին, և դատավորների ինքնուրույնությունը պատժվում էր։  Այսօր, 10-12 տարի անց կալանքների հետ կապված իրավիճակը կարծես, թե չի փոխվել է։ Ինչո՞ւ։  Հարցն ուղղեցինք Արտակ Զեյնալյանին։

«Ես վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց հետևելով մամուլում եղած հրապարակումներին կալանքը փոխելոը վերաբերյալ, կարող եմ ասել, որ այսօր ավելի շատ են փոխում խափանման միջոցները, ու նաև ավելի էպատաժային դեպքերում են փոխում։ Եթե համեմատում եմ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա հետ, ապա ավելի շատ եմ հանդիպում այդպիսի հրապարակումներ։ Կարծում եմ, կարիք կա ուսումնասիրելու վիճակագրությունը և նաև կարծում եմ, որ մոնիտորինգի մեխանիզմներ պետք է լ ինեն Հայաստանում։ Եւ այդ մեխանիզմենրը եթե նախկինում գոնե դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում  իրականացվում էին, հիմ ա դրանք ավելի աղքատիկ են, կամ՝ ես չեմ հանդիպում ուղղակի։ Սահմանադրական վերահսկողության ներպետական մեխանիզմներ պետք է դնել, և այս առումով մեծ անելիք ունի քաղաքական փոքրամասնությունը, որը շատ լուրջ իշխանութուն է, և պետք է վերահսկողական իր գործառույթներն իրականացնի, բայց չի իրականացնում», — նշեց նա։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը որոշ վիճակագրական տվյալներ կալանքի կիրառման շուրջ ձեռք է բերել։ Նա հարցում էր կատարել վերաքննիչ դատարան այն մասին, թե կալանքի վերանայման քանի բողոք է ներկայացվել և դրանցից քանիսն են բավարարվել։ Պատասխանը, որը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում , սենսացիոն է․   կալանքների դեմ պաշտպանների ներկայացրած 228 բողոքից բավարարվել է ընդամենը 13-ը:

«Հրավիրում եմ իրավապաշտպան հկ-ների, եվրոպական կառույցների ուշադրությունը: Չոր փաստ առանց որևէ մեկնաբնության:

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանը նոր հաջողություններ է գրանցում», -մեկնաբանում է Վահան Հովհաննիսյանը։

Հնարավո՞ր է, որ կալանք կիրառելու հարցում էլ իրավիճակ փոխվի և ի՞նչ է դրա համար հարկավոր։ Forrights.am-ի հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանեց․

«Ընդամենը կամք։ Իշխանությունը պետք է թողնի, որ դատարանները ազատ շնչեն։ Ուրիշ ոչինչ»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest