Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են», — գրել է Նեդ Փրայսը Թվիթերում:
Խոսնակը թեմային անդրադարձել է նաև երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Փրայսը մատնանշել է իր թվիթերյան գրառումը՝ մանրամասնելով. — «Մենք հստակեցրել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի: Այն հետ է մղում խաղաղ գործընթացը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Ճանապարհը դեպի առաջ բանակցությունների միջոցով է»:
Պետդեպարտամենտի խոսնակը հատուկ ընդգծել է, որ էներգետիկ ենթակառուցվածքի խափանումը, ինչի մասին հաղորդումներ են ստացվում, կարող է հումանիտար ճգնաժամ առաջացնել՝ «հատկապես երբ մուտք ենք գործում ձմռան ամիսներ»: «Եթե դա միտումնավոր է, անընդունելի է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորումը», — հայտարարել է Նեդ Փրայսը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: