Հայ ռազմագերիների հարցի հանդեպ հասարակության բթացած ցավը թույլ է տալիս քաղաքական իշխանությանն օգտագործել հարցն ոչ բարի՝ քաղաքական նպատակներով։ Մի քանի մութ քաղաքական միտում է նկատվում, որոնց մասին խոսվում է անգամ ամենաբարձր միջազգային մակարդակում։

ԱՄՆ-ը առաջարկում են չսպասել Հայաստանի դիմումին եւ ինքնուրույն գործել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների հարցը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով ավարտում է իր առաքելությունն Հայաստանում, նշել է, որ հայ կին զինծառայողի մարմինը պղծելու տեսանյութը դիտելուց հետո կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ: «Այժմ մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել դա իրագործողներին… Մենք այդ մասին զեկուցել ենք պետքարտուղարությանը», – ասել է Լին Թրեյսին:

Լսումների ընթացքում Մենենդեսը հարցեր է ուղղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենին: Նա հարց ուղղելով՝ արդյոք դեսպանի թեկնածուն կառաջնորդի դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները:

«Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի», – պատասխանել է Քվիենը:

Ի պատասխան՝ Մենենդեսը նշել է, որ չի ցանկանում, որ հայկական կողմը դիմի, հարկավոր է, որ ամերիկյան կողմն ակտիվություն դրսևորի այս հարցում:

«Մենք պետք է իմանանք՝ արդյոք ադրբեջանցիներն իրականացնում են այդ գործողությունները, որպեսզի կարողանանք վճիռ կայացնել՝ արդյոք «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից պետք է հրաժարվել, թե ոչ: Ես ուզում եմ՝ նշանակվի դեսպան, որն ակտիվ ներգրավմամբ կօգնի մեզ որոշել՝ արդյոք այս մահապատիժները, անդամահատումները, այլ գործողությունները ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, և կարողանա պետքարտուղարությանն ու այս հանձնաժողովին ասել՝ արդյոք դրանք ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, արդյոք դրանցից մի քանիսն են ճիշտ, որպեսզի մենք կարողանանք որոշում կայացնել», – ասել է Մենենդեսը:

Հայ գերիների հայրենիք վերադարձնելու, Ադրբեջանին դատապարտելու եւ նույնիսկ պատժամիջոցներ սահմանելու պահանջով հանդես են եկել մի շարք երկրների խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպություններ։ ԱՄՆ Սենատում կայացած քննարկումները փաստում են, որ միջազգային ուժերը տարակուսած են Հայաստանի պահվածքով․ ինչո՞ւ Հայաստանը ջանքերր չի գործադրում փաստեր հավաքելու, միջազգային մակարդակում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Փորձագետների կարծիքով, «խաղաղ օրակարգը», որն իրականում Հայաստանին պարտադրվող կապիտուլյացիայի փաթեթավորում է, ստիպում է ՀՀ իշխանություններին կոծկել ՀՀ քաղսքացիների հանդեպ կատարած ռազմական հանցագործությւոններն ու վայրագությունները։

Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդը, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարության վերաբերյալ լսումների ժամանակ, ասել է, որ ԱՄՆ ջանքերով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների։

ՀՀ-ում դեռ նոր նոր են ստեղծում պետական հանձնաժողով։ «ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ»: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: Նշենք, որ Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծվել է 2000 թվականից։

Նույնիսկ միջազգային դատարան ներկայացված ՀՀ դիմումները «խնայում են» հանցագործներին

Միջազգային քրեական դատարան ՀՀ իշխանության դիմումների կապակցությամբ պարզվում է, որ ամեն ինչ խնամքով արվում է, որպեսզի դատարանի որոշումները քաղաքական հետեւանքներ չունենան։

2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ: Հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատել է, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ «Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ այդ հարցերը ներկայացվում են և Եվրոպական դատարան, և Հաագայի դատարան։ Հաագայի դատարանում կարող ես բարձրացնել դեօկուպացիայի հարցերը, բայց միայն էթնիկ զտման կոնտեքստում։ Հաագայի դատարանում վարույթ հարուցվել է հակախտրականության հիմքով՝ Խտրականության բոլոր ձևերի կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա, հետևաբար, այդ շրջանակից դուրս գալ հնարավոր չէ։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշում է, որ «դատարանը համարել է, որ իր բնույթով նոր հարցեր և նոր զարգացումներ չկան, չկա իրադրության, իրավիճակի այնպիսի փոփոխություն, որը կարող էր հանգեցնել պայմանական կամ անհապաղ միջոցների շրջանակի ընդլայնմանը»։

Մի գնահատական կա դատական որոշման մեջ, որ Հայաստանն էականորեն տարբեր միջոց չի խնդրում, քան հայցվել էր 2021 թվականին։ Այսինքն՝ հայկական կողմը կրկնել է այն միջոցները, որոնք հայցել էր 2021 թվականին, եւ չի նշել 2021-ի ագրեսիայի փաստը։

Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը: Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի էջը։

Տեսանյութերով հիմնավորվում է, որ գերիների թիվն ավելին է եղել, պարզապես նրանց սպանել են և դիերը վերադարձրել են որպես մարտի դաշտում ընկած զինծառայողների դիեր։ Տասից ավելի նման դեպքեր արդեն հաստատվել են։ Մեր կարծիքով՝ հաստատված գերիների թիվը 17-ն է, բայց կրկնակի ավելի գերեվարման դեպքեր են եղել, ասում Սիրանուշ Սահակյանը։

«Պետք է աշխատանքն այնպես կատարվի, որ քաղաքական նախադրյալները չխոչընդոտեն արդարությանը, և պատժամիջոցներ կիրառվեն նաև ադրբեջանցի զինծառայողների, բարձրաստիճան զինվորական գործիչների նկատմամբ։ Ես կարող եմ իրավապաշտպան համայնքի դիրքորոշումները ձեզ ներկայացնել, պետությունը թող իր դիրքորոշումը հայտնի, որովհետև պետությունը ենթարկվում է արտաքին ազդեցության։ Ես չեմ կարող ասել, թե իշխանությունները որքանով են առաջ մղում հայկական շահերը, արտաքին  տարաբնույթ ուժերի ազդեցության տակ են գործում և ըստ քաղաքական գործընթացների՝ կարող են որոշ փաստերի առնչությամբ լռել», ասել է Սահակյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։

Քրիստիննե Գրիգորյանը փոխտեղակալին ներկայացրել է Պաշտպանի հաստատության արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրել ու վերլուծել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած պատերազմական հանցագործության այն փաստերը, որոնք Պաշտպանի աշխատակազմը հաստատել է հատուկ մեթոդաբանությամբ, ինչպես նաև հայրենադարձված ռազմագերիների վկայությունների հիման վրա կատարված հետևությունները Ադրբեջանում իրենց պահման ընթացում խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին։

ԱԱԾ-ն դեկտեմբերի 5-ին հաղորդել էր, որ դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել «ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր»։

Ըստ աղբյուրի, այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ասում է, որ ԱԱԾ հաղորդագրությունից հետո նրա մոտ հարց է առաջացել՝ ինչո՞ւ է հայկական կողմը միակողմանի վերադարձնում չէ՞ որ Հայաստանն էլ ունի անհայտ կորածներ:

Forrights.am-ը հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու՝ արդյոք ադրբեջանական կողմը համարժեք քայլ է իրականացրել դեկտեմբերի 1-ին հայկական կողմից 10 զոհերի ու քարտեզի փոխանցման դիմաց:

 

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest