Արցախի խորհրդարանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջում՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխարգելելու ուղղությամբ գործնական քայլեր կիրառելու համար։
Այսօր արտահերթ նիստում ընդունված հայտարարությամբ, Արցախի Ազգային ժողովը նաև կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի այդ քաղաքականությունը։
Արցախցի խորհրդարանականները շեշտում են, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր՝ Արցախի և Հայաստանի միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Ռուսաստանի Դաշնությունից էլ ակնկալում են, «որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը»:
«Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը», — մասնավորապես, ասված է հայտարարությունում:
Լաչինի միջանցքի հարցով այսօր անվտանգության խորհրդի նիստեր են տեղի ունեցել թե՛ Երևանում, թե Ստեփանակերտում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: