2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում Հադրութում 73 զինծառայողից կազմված վաշտի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել հոկտեմբերի 18-ին, սակայն մի քանի ամիս է՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի կարողանում նիստ կազմակերպել: Կողմերն ասում են՝ դատական նիստի օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցում չեն ստացել կամ ստացել են նշանակված նիստից մի քանի օր հետո:

Հաջորդ նիստը սպասվում է դեկտեմբերի 20-ին, սակայն տուժող կողմը պատրաստվում է միջնորդել դատարանին, որպեսզի դրանք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեն Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

«Մտածում ենք միջնորդություն ներկայացնել դատարան՝ խնդրելով դատական նիստերը տեղափոխել Երևան, քանի որ այստեղ բոլորին հարմար կլինի, կկարողանան ներկա գտնվել նիստերին», -Forrights.am-ին ասում է փաստաբան Անժելիկա Հակոբյանը, որը նույն վաշտի զինծառայողներ Տիգրան Շահբարյանի և Էդգար Տոնականյանի իրավահաջորդներ Տոնական Շահբարյանի և Գոռ Տոնականյանի ներկայացուցիչն է:

Հադրութում 73 հոգանոց վաշտի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս նախորդ տարվա սկզբին՝ զինծառայողների ծնողների պարբերական ակցիաների ու համառ ճնշման արդյունքում: Նախորդ տարի գարնանը ծնողները տարբեր ակցիաներ էին կազմակերպում պետական կառույցների դիմաց ու պահանջում պատասխանատվության ենթարկել իրենց զավակներին մահվան հասցրած հրամանատարությանը և հատկապես Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին:

Վերջինին, սակայն շրջանցեց այս քրեական գործը, և այժմ ամբաստանյալի աթոռին են հայտնվել Մարտունի 3-ի հրամանատար Գոռ Իշխանյանը և Նվեր Մարտիրոսյանը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի ցուցաբերելու համար, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Ինչքան շնչեմ, այնքան պայքարելու եմ, ես էլ կորցնելու բան չունեմ, իմ թանկը կորցրել եմ, դիմելու եմ անհնարինին, ամենավերջին քայլերին», -դեռևս նախորդ տարի հայտարարել էր որդու մեղավորներին պատժելու պահանջով բողոքի դուրս եկած Տոնական Շահբարյանը: Նրա որդին՝ Տիգրանը, եղել է վաշտի ֆելդշերը: Պատերազմից երկու ամիս անց հայրն է գտել Տիգրանի դին:

Հադրութում զոհված զինծառայողների ծնողներն ասում են՝ հրամանատար Գոռ Իշխանյանը բունկերում նստած հրամաններ է արձակել, չի եղել իր զինվոների կողքին, տղաներին ուղարկել է Հադրութ այն ժամանակ, երբ տարածքն արդեն թշնամին գրաված է եղել: «Տարածքը թուրքը հոկտեմբերի 9-ին գրավել է, բայց հրամանատարները երեխեքին հրահանգել են հոկտեմբերի 11-ին գնալ Հադրութ ու պաշտպանություն իրականացնել: Մեր երեխեքին դիտավորյալ տվել են թուրքին», -հայտարարել էր Տոնական Շահբարյանը:

73 հոգանոց վաշտի մեջ է եղել նաև 20-ամյա Էդուարդ Ղազարյանը: «Անհամբեր սպասում ենք դատական նիստին», -Forrights.am-ին ասում է Էդուարդ Ղազարյանի հայրը՝ Ալեքսանդր Ղազարյանը:

Անհամբեր է, որովհետև սպասում է գործով վկաների ցուցմունքները լսելուն, իսկ վկաների թվում է նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Նրա խոսքով, հրամանատար Գոռ Իշխանյանին առաջադրված մեղադրանքը «շատ մեղմ է»:

«Անփութության մեղադրանքը մեզ համար մի քիչ շատ մեղմ է, դրանք դավաճաններ են, ի՞նչ անփութություն: Մենք ավելի խիստ մեղադրանք ու պատիժ ենք ուզում; Մեր երեխեքի գլուխը կերել են, դավաճանները պետք է պատժվեն ամենախիստ ձևով», -պնդում է Ալեքսանդր Ղազարյանը:

Նա չի բացառում, որ դատավարության ընթացքում ամբաստանյալների թիվը շատանա, «էլի մեղավորներ ջրի երես դուրս գան»:

«Ամբողջ հարցն այն է, որ հենց Ջալալ Հարությունյանն է հրամանը տվել, բայց արի ու տես՝ ինքը մեղադրյալ չի, մեղադրանք չկա իրա վրա էս գործով: Առաջին գումարտակը էդ տարածքից հետ է փախել, վաշտի հրամանատարը մեքենա է ուղարկել, որ դրանք հետ գան, բայց ինչի՞ են դրանից հետո 73 հոգու ուղարկել էդ տարածք, որը վաղուց թշնամուն է անցած եղել, ինչի՞ հիման վրա է Ջալալը նորից ուղարկում էդ երեխեքին», -հարցեր է բարձրացնում զոհված զինծառայողի հայրը, որը հույս ունի դատավարության ընթացքում դրանց պատասխաններն ստանալ:

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest