Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-ասված է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:
Իր հերթին Արցախի Ոստիկանությունը հայտարարել է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն 9 ժամից ավելի է՝ շարունակում է փակ մնալ: Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։ Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: