Քննչական կոմիտեն կարճել է Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության գործը, քանի որ անցած 5 ամսվա քննությամբ հանցագործությունը չի հաստատվել։
Ըստ կոմիտեի՝ ծավալուն քննության արդյունքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ու անդամներ Վիգեն Քոչարյանն ու Սերգեյ Չիչոյանը հանցավոր արարք են կատարել։
«Նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունում տեղ գտած, ինչպես նաև ցուցմունքում հայտնած՝ քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հավաստիությունն այլ ապացույցներով ստուգելու ուղղությամբ», — հաղորդում է Քննչական կոմիտեն, որն անցած 5 ամիսների քննության արդյունքում միջնորդել է դատախազին, որ քրեական հետապնդում չհարուցվի նրանց նկատմամբ։
Դատախազությունը բավարարել է այս միջնորդությունն ու որոշում է կայացրել կարճել գործը։
Ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահի օգտագործելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով գործ էր հարուցվել ԲԴԽ նախկին անդամ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունից հետո։
Վարդազարյանը հրապարակեց անցած տարի փետրվարին արված մի գաղտնի ձայնագրություն, որտեղ լսվում են նրա և այդ ժամանակ խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի երկխոսությունից հատվածներ։
Ձայնագրությունն արվել էր, երբ Վարդազարյանն իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով այլևս չէր ղեկավարում դատավորների անկախությունը երաշխավորող դատական կառույցը։
Նրան այդ պաշտոնում երկու ամիս անց փոխարինած Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում էր ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։
Այս սկանդալային ձայնագրությունից հետո Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց՝ պատճառաբանելով առողջական խնդիրները, հրաժարականից օրեր առաջ, սակայն, գործընկերների հետ միասին որոշեցին դադարեցնել Վարդազարյանի լիազորությունները ԲԴԽ նախագահի և դատավորի պաշտոնում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: