«Այսօր Հայաստանում գոյություն չունի խորհրդարանական կառավարում»,- այսօր հրավիրված «Սահմանադրական փոփոխություններ՝ առանց փոփոխությունների. կառավարման համակարգը կմնա անփոփոխ» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քվեարկել է խորհրդարանական կառավարման ձևի օգտին, երբ գործադիր իշխանության ղեկավարն էլի վարչապետն է մնում։
«Բայց դա չի նշանակում, որ պետք է վարչապետը շարունակի ունենալ անվերահսկելի լիազորությունների փաթեթը, որը հիմա գոյություն ունի, այլ լիազորությունների զգալի մասը վերաբերվում է սահմանադրական մարմիններին և պետական մարմինների ձևավորման մեջ գործադիր իշխանության ղեկավարի մասնակցության հարցի վերանայմանը։ Քաղաքական նպատակահարմարությամբ ձևավորված պետական կառավարման մարմինները, որոնք անկախ քաղաքական իշխանության փոփոխության, պետք է իրենց գործառույթներն իրականացնեն անկախ և ոչ՝ ըստ քաղաքական շահերի։ Սա այն հարցն է, հիմնական խնդիրը, որն առաջիկայում կդառնա քննարկման առարկա»,- նշեց Սաքունցը։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ օրինակ բերեց՝ ԿԸՀ կազմի ձևավորման հարցում, ԱԺ-ն, որը քաղաքական մարմին է, որևէ մասնակցություն չպետք է ունենա։ Ըստ նրա՝ այս խնդիրները պետք է հանվեն քաղաքական մեծամասնության տիրույթից՝ հանձին ԱԺ-ի և հանձնվեն ՀՀ նախագահին։ Նույնը ԿԲ նախագահի հարցն է։ «Կառավարման համակարգի անունը մնում է խորհրդարանական, այն վերաբերում է միայն գործադիր իշխանության ղեկավարին, բայց նույն լիազորությունների շրջանակը չպետք է ունենա, այլ այստեղ կարևորվում է ՀՀ նախագահի կարգավիճակի ու դերի հստակեցումը, որպեսզի պետական, սահմանադրական մարմիններն՝ անկախ քաղաքական իշխանության փոփոխության, ցնցումների և քաղաքական շահերի տեսակետից փոփոխությունների չենթարկվեն»,- նշեց Սաքունցը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: