Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան երեկ երկրի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ընդգծել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը:
«Ճիշտ է, լարվածությունը երկու երկրների միջև պահպանվում է՝ ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, և դա ցույց է տալիս անվտանգության երաշխիքների վստահելիության բացակայությունը, որոնք Ռուսաստանը հավակնում է բերել տարածաշրջան», — Ֆրանսիայի խորհրդարանական պաշտոնական ալիքի՝ Թվիթերում տեղադրած տեսանյութում հայտարարում է Կոլոննան:
«Այդ համատեքստում, Ֆրանսիան և Եվրամիությունն ամբողջությամբ ներգրավված են մնում Հայաստանին սատարելու գործում, ինչպես եղել են ի սկզբանե», — հավաստիացրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում որոշվել է Հայաստան ուղարկել Եվրամիության դիտորդական խումբ, որը տեղակայվել և գործում է հոկտեմբերի 20-ից, Կատրին Կոլոննան շարունակել է. — «Անշուշտ, որոշ միջադեպեր դեռ տեղ են գտնում, սակայն այդ առաքելությունն իրապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին, ինչպես անհրաժեշտ էր»:
Առաքելության ներկայությունը «պետք է երկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ է՝ սա է մեր համոզմունքը, սա նաև հայերի ցանկությունն է», — հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
«Օրերս, բոլորովին վերջերս նոր հանդիպումներ են անցկացվել Բրյուսելում և Վաշինգտոնում՝ համապատասխանաբար սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ: Սա, մեր համոզմամբ, հնարավորություն է, որը պետք է բաց չթողնել, ինչպես հանրապետության նախագահն է ասել նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, և ինչպես ես եմ պարբերաբար ասում իմ գործընկերներին, և մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի այդ երկու երկրների միջև վերահաստատվի խաղաղությունը», — ամփոփել է իր խոսքը Կատրին Կոլոննան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: