Նոյեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին և տեսչական մարմնի ղեկավարին, քանի որ երկու տարի առաջ տրված իր ուղիղ հանձնարարականները չեն կատարել, ինչի հետևանքով անհնար է եղել կանխել «Սուրմալուի» աղետալի դեպքը։ Փաշինյանն ընդգծելով, որ կարևոր է անհատական պատասխանատվությունը՝ շեշտել էր․ «Ես չպիտի շաբաթը մեկ զանգեմ ու ասեմ՝ հիշո՞ւմ եք՝ ձեզ ինչ հանձնարարական եմ տվել»։
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը հետևողական չէ իր կողմից տրված բոլոր հանձնարարությունների կատարմանը։ Ավելին՝ պաշտոնեական առաջխաղացումներ է ապահովում իր հանձնարարությունը չկատարածների համար։ 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին ու նրանց խոստացել՝ միջնորդել, որպեսզի ՔԿ-ն վերանայի քգործերն ու պարզի մահվան հանգամանքերը։ Երեք տարի անց ՔԿ-ն որևէ բացահայտում չի իրականացվել։ Փաշինյանի խոստման ժամանակ ՔԿ նախագահը Հայկ Գրիգորյանն էր։ Չնայած՝ գործող ղեկավար Արգիշտի Քյարամյանի օրոք էլ որևէ առաջընթաց չկա։
Այս ֆոնին ուշագրավ է, որ Հայկ Գրիգորյանը շուրջ 1,5 տարի ՔԿ նախագահի պաշտոնից ազատվելուց հետո իրավապահ համակարգում նոր պաշտոն է ստանում։ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրան առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածու՝ այն էլ գիտնական անդամի։ Դատական համակարգի անաչառությունը երաշխավորող Խորհրդի անդամի թեկնածության քննարկումն ԱԺ-ում անցավ առանց բովանդակային քննարկումների։ Ընդդիմությունը բացակայում էր, իսկ իշխանությունը Հայկ Գրիգորյանին անցանկալի հարցեր չուներ։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը, Հայկ Գրիգորյանին Արգիշտի Քյարամյանով փոխարինելու ժամանակ էր հայտարարել, որ նրան անգործ չի թողնելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Հայկ Գրիգորյանի մասնագիտական կարողությունները և հմտություններն անպայման կկիրառեն պետական կառավարման համակարգում»։
Երվանդ Խունկարյանին ՍԴ դատավոր, իսկ Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելուց հետո իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Հայկ Գրիգորյանի ընտրությունը համարում է հերթական անտրամաբանական նշանակումը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ Հայկ Գրիգորյանը տապալել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտումը։ «Փառապանծ կերպով կարողացել են տապալել այդ քննությունները, ոչինչ չեն արել։ Դա կանխատեսելի էր, քանի որ գործերից մեկով Հայկ Գրիգորյանը եղել էր քննիչ, այդ գործերը կոծկողներից մեկը, բառացի ասած՝ հանցագործություն կատարողներից մեկը»,-ասում է իրավապաշտպանը։
Խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործերը բացահայտելու՝ Փաշինյանի հանձնարարականի ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը չի կիսում իրավապաշտպանի գնահատականները։ ՔՊ-ականը Հայկ Գրիգորյանի մասին դրական խոսքեր է շռայլում։ «Ես Հայկ Գրիգորյանի հետ ունեմ աշխատանքային փորձ, երբ վարչապետի աշխատակազմում էի, կարող եմ ասել, որ ինձ մոտ բավականին պատրաստված է, պրոֆեսոնալիզմի առումով նաև»,-ասում է Աղաջանյանը։
Հանրային հնչեղություն ունեցող մյուս քրգործերը, որոնցով հանրությունը ՔԿ-ից հստակ պատասխաններ էր ակնկալում, կրկին Հայկ Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ, ըստ իրավապաշտպանի, կոծկվեցին։ Խոսքը 2018 թվականի սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հրապարակված խոսակցության գաղտնալսումների բացահայտման մասին է։ Հայկ Գրիգորյանի ղեկավարած ՔԿ-ն այդպես էլ գաղտնալսման պատվիրատուների անունները չտվեց, թեև պնդում էր՝ բացահայտումներ են արել։
Գրիգորյանի՝ ՔԿ-ն ղեկավարելու ժամանակահատվածում վարչապետի, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի կողմից Մարտի 1-ի գործով դատավորին ճնշելու տեղեկությունները ևս անհետևանք մնացին։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործը կարճվել է, իսկ գաղտնալսման պատվիրատուի բացահայտման քննությունը՝ կասեցվել։ Այդուհանդերձ, ՔՊ-ականները պնդում են՝ Հայկ Գրիգորյանը փայլում է պրոֆեսոնալիզմով։
«Ես հարց ունեմ ՔՊ-ական այն պատգամավորներին, որոնք մարդու իրավունքերի ջատագովություն էին անում, ինչ-որ լոզունգներով փողոցներ էին փակում, այդ մասսային, որ հիմա դրսևորում է որպես հանցավոր ռեժիմին բոնորոշ գործիքակազմ կիրառող, դուք ի՞նչ եք մտածում, դուք ձեզ սրիկա զգո՞ւմ եք, թե՝ ոչ, դուք ժողովրդին խաբող մասսա զգո՞ւմ եք, թե՝ չէ, ձեզ կնոպկա սեղմող զգո՞ւմ եք, թե՝ չէ»,-ասում է իրավպաշտպանը։
Նինա Կարարապետյանցն անտրամաբանական է համարում իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, թե այլ թեկնածուներ չկան։ Իրավապաշտպանը հակված է կարծել, որ Փաշինյանն ու իր թիմը փնտրում են անձանց, որոնց հնարավոր կլինի ենթարկել իրենց։
«Եթե թեկնածուներ են փնտրում բացառապես այնտեղ, որտեղ Նիկոլ Փաշինյանի նկարը կախող անձանց են փնտրում՝ գուցե չկան, եթե ման են գալիս մանագետների, պրոֆեսիոնալների, որոնք ցանկություն կունենային աշխատել և փոփոխություններ կբերեին, այո, կարող էին գտնել այդպիսի մարդկանց»։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։