Նոյեմբերի 26-ին  Վանաձորում պարեկային ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել մի քանի քաղաքացիների։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցները փորձել են ճանապարհն ազատել Լոռի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան համար:

Առաջին ահազանգն այս մասին տարածել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, հույս ունենալով, որ համապատասխան ֆեյսբուքյան գրառում անելով, կհրավիրի ոստիկանության ուշադրությունը։

Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և վեճի է բռնվել մի քաղաքացու հետ։ Ավարտն եղել է արյունալի։

Պարեկային ծառայության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ դեպքից հետո այցելել են քաղաքացու աշխատավայր, բռնությունների են ենթարկել նրան և էլի մի քանի հոգու, ովքեր փորձել են միջամտել։

2 քաղաքացի, որոնցից մեկը անչափահաս է, բազմաթիվ վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում:

Անչափահաս երիտասարդը պատմել է, որ պարեկները, անգամ տեղեկանալուց հետո, որ ինքը 17 տարեկան, շարունակել են հարվածել նրա գլխին։

Ահա, ինչ պատմեց Forrights.am-ի հետ զրույցում դեպքի ականատես Արեն Ջերոյանը։

«Դեպքերը փեսուս ընտանիքի հետ են տեղի ունեցել, ես էլ եմ այնտեղ եղել։ Փեսուս պապան տաքսի ա քշում։ Տաքսիով գալուց ա լինում, «կարմիրի» տակ կանգնում ա։  Պարեկներից մեկը ասում ա՝ ճանապարհն ազատի։ Ինքը ճանապարհն ազատում ա, ուրիշ տեղ ա կանգնում։ Հիմա էլ մյուս պարեկն է գոռում, ճվճվում ա, թե սխալ է կանգնել։ Չի տեսնում, որ ընկերոջ ասելով է այդտեղ եկել կանգնել։  Էդ մարդն էլ իջնում ա, ասում ա ՝ հորդ թայ մարդ եմ, ինչո՞ւ ես ճվճվում, կարգին խոսա, դուք եք ինձ ասել՝ հեռացրու ավտոդ, ես էլ հեռացրել եմ։ Այդ պահին մոտենում ա իրա տղան, մի քիչ զրուցում են իրար հետ, ոչ խփում են, ոչ բան, ու գնում են տուն։ Մի քանի ժամ հետո, մտա ավտոմեքենաների պահեստամասերի խանութ, որ իրենց տեսնեմ՝ փեսայիս գործի տեղն է, մեկ էլ մի 10 ավտոյով եկան պարեկները ու սկսեց կիլդիմը»։

Ըստ ականատեսի, պարեկային ծառայության աշխատակիցները որ մոտեցել են, իր հարազատը նրանց հարցրել է՝ ի՞նչ է եղել, առաջարկել է գնալ ոստիկանություն, տեղում բոլոր հարցերը պարզել։  «Մերոնք գնում էին դեպի մեքենա, առանց մի բան ասելու, իրանց սկսեցին քաշքշել, բրդել։ Երեխեն դուրս եկավ, մոտեցավ, ասեց՝ պապաս ա, հորեղբայրս ա, մի ծեծեք, ու տեղ իրանք սկսեցին արցունքաբեր գազ փչելը։ Հետո մենք մոտեցանք, ասեցեցինք՝ ի՞նչ եք անում, սրան ուրիշ ձև չկ՞ա, որ քաշքշում եք։ Բայց իրանք ոչ մի բան չասեցին։ Նրանք եկել էին, որ բերման ենթարկեին, բայց ոչ արձանագրություն են կազմել, ոչ բացատրել են, թե ինչի համար են տանում։ 10-15 ավտոյով, մի 30 մարդով եկել էին, որ մեկ-երկու մարդ տանեին»,  — ասում է Արեն Ջերոյանը։

Հարցին, թե 17 տարեկանին ինչու են ծեծել, քաղաքացին  պատասխանեց․ «Տենց են ուզել։ Իրենք ոչ մի բան չեն ասել։ Ուղղակի եկել են ու սկսել են կռիվը։ Երեխան ալերգիկ ա, ասթմա էլ ունի։ Կոտրվածք չունի, սալջարդեր են, ալերգիայից գլուխն էր ուռել։ Բժիշկները հազիվ հետ բերեցին։ Հիմա դուրս է եկել հիվանդանոցից։ Բայց հորեղբայրը դեռ հիվանդանոցում է։ Թոքերը ջուր, արյուն է լցված, կոտրվածքներ ունի ողերի, դեռ բուժում են։ Մենք էլ գազից ենք տուժել , բոլորս թունավորվել ենք»։

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, միջադեպին անդրադարձավ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։  Ազգային ժողովում, խոսելով լրագրողների հետ, նա ամեն կերպ արդարացնում էր պարեկային ծառայության աշխատողներին։ ։

«Այն տեսակետները, որ կան, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը: Հարուցվել է քրեական վարույթ, բոլոր հանգամանքները պարզ կլինեն», — ասաց փոխոստիկանապետը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություն: Երբ փոխոստիկանապետին հարցրել են անչափահասի վնասվածքների մասին՝ նա հակադարձել է․ «Իսկ դուք գիտե՞ք՝ պարեկներից վնասվածքներ ստացե՞լ են, թե՞ ոչ: Տեսագրություններն առկա են, քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին: Պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում այդ ամբողջ միջադեպը տեղի է ունեցել»:

«Քրեական գործ է հարուցվել։ Փորձ է արվում «շրջել», խեղաթյուրել կատարվածը և մեղավոր հանել քաղաքացիներին։ Շարունակում եմ կապ պահպանել քաղաքացիների հետ, սպասենք քննության արդյունքներին», — կարճ մեկնաբանեց ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մեր տեղեկություններով, ծեծված քաղաքացիներից ոչ մեկը տուժող չի ճանաչվել։ Նրանց հարցաքննության չեն կանչել։

Նկարագրված միջադեպն առնվազն երրորդ արյունալի դեպքն է Փաշինյանի ուղեկիցների մասնակցությամբ։ Անցյալ տարի հունիսին, ԱԺ արտահերթ ընտրություններին Արմավիրում վարչապետի թիկնապահները արյունլվա էին արել մի երիտասարդի, որը հանդգնել էր գոռալ «Նիկոլ, դավաճան»։

Իսկ 2022 թվականի ապրիլի 26-ին Երեւանում՝ Լեո փողոցի խաչմերուկում վարչապետին ուղեկցող ավտոմեքենան վերջ տվեց  հղի կնոջ՝ Սոնա Մնացակայնանի կյանքին։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest