2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների ժամանակ շրջափակման մեջ հայտնված և գերեվարված երեք զինծառայողների բանակից ազատելու որոշում է կայացվել։ Պաշտպանության նախարարության որոշման մասին հայտնում են Forrights.am-ի՝ ոլորտի աղբյուրները։ Մեզ հայտնի է դարձել, որ նշված ժամանակահատվածում գերության մեջ հայտնված և հոկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած 17 զինծառայողներից երեքն արդեն վերադարձել են ծառայության։ Չնայած, որ ունեն առողջական խնդիրներ։ Մյուս 11-ից որոշոները շարունակում են բուժումը հոսպիտալում, իսկ մյուսներին ուղարկել են մայրական խնամքի։ Ուշագրավ է, որ գերությունից վերադարձած զինծառայողները վերականգնողական բուժում չեն անցնում։
Հոսպիտալում գտնվող զինծառայողներից մեկը, որն այս պահին հոգեբանորեն գտնվում է շատ ծանր վիճակում և գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, գերությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց տեղափոխվել էր ծառայության։ Սակայն, 3-4 օր անց զորամասում առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո հոսպիտալացվել է։ Առայժմ հայտնի չեն տեղեկություններ, թե այս զինծառայողին ո՞ւմ որոշմամբ են զորակոչել և նա ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զինծառայողների խնդիրների լուսաբանումը։ Այժմ էլ մեզ հայտնի է դարձել, որ գերությունից վերադարձած և զորացրված զինծառայողներին Պաշտպանության նախարարությունը բանակից ազատում է «ծառայության համար ոչ պիտանի» լինելու հիմնավորմամբ։
Բաքվում անմարդկային հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների ենթարկված զինվորների հարազատները, թեև զորացրումը դրական քայլ են համարում, բայց միևնույն ժամանակ մտահոգություններ ունեն, որ իրենց տղաների՝ մեկ տարուց ավելի ծառայությունը զրոյացվում է։
«Վայենկոմատում ասացին՝ հո նախարար, բարձ պաշտոնյա չի դառնալու, որ իրեն դա խանգարի։ Որոշ սահմանափակումներ են լինելու, բայց չգիտեմ, թե ինչ սահմանափակումներ են»,-ասաց զինծառայողներից մեկի հարազատը՝ նշելով, որ իր ազգականի վախերը փոքր-ինչ անցել են, բայց խնդիրները՝ մոռացկոտությունը, նյարդային անհանգստությունները մնացել են։
«Վզի վրա՝ նյարդին, բեկոր կա, չեն վիրահատում։ Ինքը նյարդային է, շուտ է բորբոքվում, գոռում է, երևում է՝ շատ է նյարդային է դարձել, չգիտեմ՝ դա կապ ունի, թե՝ չէ, բայց երևում է, որ շատ է նյարդային»,-ասաց ազգականը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։