«Վարկ էինք վերցրել, գյուղում սպանդանոց սարքել Շավարշի անունով է։ Ամեն ինչ պատրաստ է, կարող ես դուռը բացել ու սկսել, բայց չենք աշխատացնում, սպասում ենք տղայիս, հավատում եմ, որ կգա»,- ասում է Բարսեղ Ավդալյանը։

44-օրյա պատերազմում անհետ կորած Շավարշ Ավդալյանը Արմավիրի մարզի Դալարիկ գյուղից է, արդեն երկու տարի է, ինչ նրանից որեւէ լուր չկա:

2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Ավդալյանների ընտանիքի կրտսեր որդին՝ Շավարշը  զինկոմիսարիատից ծանուցագիր էր ստացել։

«Պավեստկա էր ստացել,  ներկայացել էր, տարել էին սկզբում Էջմիածին, հետո՝ Մեղրի, Կապան ու հոկտեմբերի 21-ին Զանգելան են տարել ավտոբուսներով ու հանձնել թշնամուն»,- պատմում է հայրը՝ Բարսեղ Ավդալյանը։

Պատերազմի առաջին օրերից Դալարիկ գյուղից Շավարշ Ավդալյանը եւ համագյուղացի պայմանագրային Ռուդիկ Ալեքսանյանը եղել են Էջմիածնի ՌՔԿՊ (ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության) զորքի հետ։ Հոկտեմբերի 14-ին մեկնել են Կապանի զորամաս։  Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամաս է ժամանել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ հրամանատարական կազմին ներկայացրել է իրավիճակը, թե  մի քանի կիլոմետրի վրա գտնվող Կովսական քաղաք ներթափանցել են ադրբեջանական խմբեր, հարկավոր է մի քանի խմբով մտնել, հայտնաբերել եւ ոչնչացնել թշնամու ստորաբաժանումները։

Պատերազմից հետո քրեական գործ է հարուցվել 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում տեղի ունեցած դեպքերի առթիվ։ Որպես մեղադրյալներ ներգրավված է 4 հոգի՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Բարսեղ Ավդալյանը ասում է` իրենց ձեռքի տակ կա երկու տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գերեւվարում մեր տղաներին, որոնց մեջ պարզ երեւում է եւ Շավարշը.

«Բայց մինչեւ հիմա իրա անունը գերիների մեջ չկա, զոհերի մեջ էլ չկա: Ասում են` անհետ կորած է… Այս երկու տարին մեզ խաբել են, ասել են` լավ կլինի, սպասեք: Սպասեցինք, ու ի ՞ նչ… Նիկոլն ասում էր, բան չի լինի, գերիները երկու ամիս էլ կարող են սպասել: Էս հայտարարությունից հետո արդեն մի տարի անցավ:  Բա ո ՞ ւր են մեր տղաները»:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest