Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ հաղորդման՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Առավոտյան՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, նշում է ռազմական գերատեսչությունը։
Բաքուն դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել։
Երեկ ևս Երևանը հաղորդեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ Հայաստանին մեղադրեց իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։
Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար մեղադրում է և՛ Հայաստանին, և՛ Արցախին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանն և Ստեփանակերտը ապատեղեկատվություն են որակում ադրբեջանական հաղորդումները։
Երեկ երեկոյան Ստեփանակերտը հայտնեց, որ ադրբեջանական կողմը արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: