Կամավոր Հարություն Հարությունյանը 44-օրյա պատերազմում Երեւանի Դավթաշեն համայնքից առաջին զոհն էր: Այժմ Դավթաշենի սեփական տների թաղամասի մոտ կարելի է տեսնել փոքրիկ պուրակ, որը խնամում են համայնքի զոհված տղաների հայրերը:
«Ինքը միշտ երգում էր` տեղս պահեք բլուրում: Այդպիսի մի երգ կա: «Մորս չասեք, որ զոհվել եմ»: Ես միշտ զայրանում էի, ասում էի` Հարություն, մի երգիր, խնդրում եմ, ծառայել` եկել ես, մի երգիր, մի ցավացրու: Բայց երգում էր.. Հիմա ինքը Եռաբլուրում է… Միշտ հայրենասիրական երգեր էր երգում… նրա հետ պատերազմում եղած տղաները պատմում են, որ անգամ ռմբակոծությունների ժամանակ եւ դժվար պահերին նրա երգող ձայնն էր հնչում»,- պատմում է Հարությունի մայրը` Աննա Ավետիսյանը:
Մոր խոսքով, 2019-ին բանակից վերադառնալուց հետո Հարությունը անընդհատ կանխատեսում էր, որ պատերազմ է լինելու. «Երբ նա ասաց, որ մեկնում է առաջնագիծ, ես նրան ետ չպահեցի… Դրա համար ինձ չեմ ներում, բայց գիտեմ, որ չէի էլ կարող նրան ետ պահել… Զանգեց, ասեց` մամ, բիլետս պատրաստիր, կանչել են: Խաբեց: Զանգել էին, որ իմանան ինքը քաղաքում է, թե ոչ, բայց չէին կանչել: Ու ինքը գնաց: Ամսի 28-ի առավոտյան իրանք եղել են Ասկերանում` Աղդամի պոստեր են բարձրացել: Նրան միանգամից գրել էին թնդանոթի` Դ30-ի վրա, բայց ինքը չէր տիրապետում թնդանոթին: Իր զենքը ՊԿ-ն էր: Բայց տղաները պատմում են, որ ինքը շատ արագ սովորել է այդ հաշվարկները, նույնիսկ կրակելուց բռնակից է քաշել, որ ժամանակ չկորցնի»:
Հարությունը զոհվել է հոկտեմբերի 8-ին: Երեկոյան նա զանգահարել է մորը: «Մեզ էր հարցնում,` էդտեղ ի՞նչ են ասում: Դե արդեն տասը օր էր, հարցրի` Հարություն ջան, բա երբ կգաս, մտածելով, որ տասը օրը կլրանա, հերթափոխ կլինի: Ասեց` մամ, պատերազմը ավարտվի, հաղթենք` կգամ… տղաները պատմում են, որ երեկոյան ժամը վեցն անց է եղել, ասել են` Հարություն, արի գնանք երգիր, թեյ խմենք: Ասել է` դուք գնացեք, ես հիմա կգամ: Տղաները մի քանի քայլ գնացել են, ԱԹՍ-ն հարվածել է»,- ասում է տիկին Աննան:
Երբ Հարությունը դեռ նոր էր հասել դիրքեր, նա հանիպել էր բարեկամներից մեկի որդուն, ով ժամկետային զինծառայող էր: Մոր խոսքով, այդ դրվագը շատ դիպուկ է նկարագրում որդու կերպարը. «Հետո նա մեզ պատմեց, որ Հարութը նրան ու մյուս զինվորներին թույլ չէր տալիս շատ բան անել, ասում էր` դուք ձեր կամքով չեք այստեղ, դուք ժամկետային եք, ես գիտեմ, թե ուր եմ եկել, ձեր փոխարեն ես կծառայեմ»:
Անի Գևորգյան
Մանրամասները տեսանյութում՝
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: