Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված «Ազատության» հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։
Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։
«Թրանսփարենսի ինթերնեյշընըլի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ այս մերժումը կարող է իր մեջ իրավականից բացի նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։
«Իրենք ռիսկեր են տեսնում։ Դուք նշեցիք, ճի՞շտ է, ծանր հետևանքներ կարող է ունենալ, իրենք վստահ չեն, որ գործընթացը մաքուր իրավական է և տեսնում են քաղաքական ենթատեքստ։ Սա գիտե՞ք նաև ինչի արդյունք է, սա նաև արդյունք է նրա, որ իշխանության վարած քաղաքականության արդյունքում միգուցե այլ պետությունները տեսնում են, որ համակողմանի, համաչափ, հավասար քաղաքականություն չի վարվում իրական քաղաքականության բնագավառում, և ամբողջ ուշադրությունը և ամբողջ ուղենիշը տրված է նախկին պաշտոնյաների վրա՝ աչքաթող անելով գործող պաշտոնյաների վարքագծում դրսևորումները։ Չնայած ասեմ, որ էդ չի նշանակում, որ նախկինների հետ կապված իրավախախտումներ առկա չեն», — ասաց Մարտիրոսյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: