Արդեն 4 ամիս է անցել ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի մահից, սակայն, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդպես էլ չի հանդիպել միակ որդուն կորցրած ծնողների հետ։ Հիշեցնենք՝ Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում 2022 թվականի հուլիսի 17-ին այրվածքներ ստանալու հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։ Դժբախտ պատահարից հետո՝ շուրջ 4 ամիս, Պալյանի ծնողները փորձել են հանդիպել Սուրեն Պապիկյանին ու հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ իրենց որդին զոհվեց։

Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը, վշտացած է պետության ու հատկապես պաշտպանության նախարարության վերաբերմունքից։ Ասում են՝ Սուրեն Պապիկյանը 5 րոպե ժամանակ էլ չունի՞, որ զոհված զինվորի ընտանիքին լսի։

«Էրեխուս տարան, էս ձևի բերեցին տվեցին ձեռս։ Իրենց անփութության երեսից, իրանց անկազմակերպության երեսից․․․ Իմ էրեխեն առաջին անգամ պոստեր է հելել՝ երկու օրվա պոստ ելած, ու այս անտարբերությունը։ Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենամ, Սուրեն Պապիկյանն արդեն․․․ բառեր չեմ գտնում, իմ էրեխեն արդեն հինգ ամիս է չկա, ինքը 5 րոպե ժամանակ չի հատկացնում ծնողի համար, որ ծնողը հարցեր տա։

Իմ, իմ ընտանիքի համար ամեն մի օրը մի տարի է։ Իմ ընտանիքը իրենց երեսից այս օրին է հասել, ամենաառաջինը նախարարի երեսից։ Սա ամենաառաջինը նախարարի անկազմակերպությունն է ու ինքը ինձ պատասխան չի տալիս էս ամեն ինչի համար։ Ես հաշտվողը չեմ, ինքը պետք է պատասխան տա, ես իմ էրեխուն տվել եմ բանակին, դո՛ւ ես նախարարը։ Ամեն օր իր խոսնակի միջոցով ասել եմ, որ ուզում եմ իր հետ հանդիպում ունենալ, բառ փոխանակեմ, բայց ինքը․․․չգիտեմ։ Էլ բառեր չեմ գտնում, իմ ընտանիքը գլխի վայր դարձրեցին։ Եթե ես իմանայի, որ պատերազմին է նման բան եղել, թուրքն է խփել, ես կյանքում էս ձևի չէի եղնի։ Իմ աչքերով տեսել եմ իրենց անտարբերությունը, իրենց անմարդկայնությունը, անշնորհքությունը, թե բժշկական անձնակազմի, թե պաշտպանության նախարարության անձնակազմի»,-ասում է Ջիվան Պողոսյանը։  Նա հիմա ակնկալում է հանդիպում վարչապետի հետ։

«Սուրեն Պապիկյանի հետ էլ չեմ ուզում հանդիպել, Նիկոլ Փաշինյանի հետ եմ ուզում հանդիպել, ես իրեն հարցեր ունեմ։ Իմ խոսքը բարձրաձայնի, թող իմ հետ հանդիպի, ես պատասխան եմ ուզում ունենամ։ Կամանդիրներից հետ էլ բոլորը պետք է պատասխան տան, ես ամեն ծայրահեղ քայլի էլ գնալու եմ»։

Դեպքից մեկ ամիս անց  Պալյանի ծնողները Faorrights.am-ի հետ զրույցում նշել էին, որ իրենց որդին, նախնական տեղեկություններով,  այրվածքներ է ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Ծնողների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին՝ Պալյանի հանգստի ժամին։

Պալյանի ծնողները մանրամասներ էին ներկայացրել, թե ինչպես այրվածնքեր ստացած որդին շուրջ  5 ժամ առաջին բուժօգնություն չի ստացել։ Ըստ նրանց՝ ժամը 2-ին այրվածքներ ստացած Պալյանը մինչև առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում սպասել է բուժօգնության, քանի որ դիրքերից հնչող ահազանգին ժամեր շարունակ արձագանքող չի եղել։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։  Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ուեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-մեզ հետ զրույցմ ասել էին ծնողները՝ ավելացնելով, որ Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։

«Իրենց ուշացման պատճառը, պոստի վրա դեղորայք չունենալը, էդ ամեն ինչը, էրեխիս գլուխը հենց իրենք կերան, իրենց անտարբերությունն ու իրենց անուշադրությունը, վերևից մինչև ներքև, նախարարից մինչև զինվոր պատասխան են տալու, ով որ պատասխանատու է, պատասխան է տալու այս ամեն ինչի համար։ Ես ամենածայրահեղ քայլին գնացող եմ, ինչքան գյուղը տեխնիկա կա կլցնեմ ճանապարհի վրա ու իրենց անձնակազմով չգան, չեմ բացի»,-ասաց Ջիվան Պողոսյանը։

Դեպքից ամիսներ անց ծնողների համար անհայտ է, թե ի՞նչ հանգամանքերում է հրդեհը  բռնկվել, վնասվածքներ ստացած որդին ինչո՞ւ ժամանակին չի ստացել առաջին բուժօգնություն կամ ինչո՞ւ է ժամեր անց տեղափոխվել հոսպիտալ։ Այս և մի շարք հարցեր անպատասխան են։ Չնայած հարուցված է քրգործ, բայց որևէ պարզաբանում չի ներկայացվել։ Հայտնի չէ նաև՝ այս ամիսների ընթացքում որևէ մեկը թերացման համար պատասխանատվության ենթարկվել է, թե՞՝ ոչ։

Սուրեն Պապիկյանի փոխարեն 1,5 ամիս առաջ նրա տեղակալ Արման Սարգսյանն է հանդիպել Պողոսյանների հետ։ Ծառայողական ավտոմեքենայով շրջող փոխնախարարն անգամ հարկ չի համարել այցելել Պողոսյանների տուն, այլ Պալյանի ծնողներն են հասել նախարարությունը։ Ինչպես Ջիվան Պողոսյանը փոխանցեց փոխնախարաի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, նրանց  հարցերը մնացել են անպատասխան։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն դիմել է Քննչական կոմիտե քրգործի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանը չի հանդիպում Պողոսյանների հետ։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Pin It on Pinterest