48-ամյա Սամսոն Արամյանը որդուն կորցրել է Հայաստանի զինված ուժերում ծառայության ժամանակ՝ պատերազմի տարում, բայց պատերազմից առաջ՝ 2020-ի մայիսին: 20-ամյա որդու՝ ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան լուրը հայրն ստացել է Լոռու մարզի զինկոմիսարիատի ղեկավարից. ասել են դիրքում որդուն սպանել են:
«Ոնց որ ինձ մեջտեղից կտրեին… Բայց երբեք չէի պատկերացնի, որ զինակիցն է սպանել, մտածում էի՝ թուրքերը դիվերսիա են արել», -Forrights.am-ին ասում է Սամսոն Արամյանը:
Արամյաններն ապրում են Լոռու մարզի Գուգարք գյուղում: Արցախի Ասկերանում որդու ծառայության ավարտին մնացել էր մի քանի ամիս, սակայն մայիսի 19-ին համածառայակցի կրակոցը կտրեց նրա կյանքը: Որդու մահվան ծանր ցավի ապրումներին զուգահեռ մեկ տարուց ավելի է՝ նրանց օրերն անցնում են դատական նիստերում, որտեղ դատական համակարգից արդար պատիժ են սպասում:
Հենրիկ Արամյանի սպանության միակ մեղադրյալը նրա ծառայակից, դիրքի ավագ, կոչումով՝ կրտսեր սերժանտ Հայկ Դոլունցն է՝ Սիսիանից:
Մեղադրական եզրակացության համաձայն Հայկ Դոլունցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում`որպես դիրքի ավագ խրամուղում խուլիգանական դրդումներով փակաղակը քաշելով` լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74Ն տեսակի ինքնաձիգը, դրա փողն ուղղելով իրենից շուրջ մեկ մետր հեռավորության վրա` թաքստոցի մուտքի մոտ, գտնվող շարքային Հենրիկ Արամյանի գլխի ուղղությամբ, սեղմել ձգանը և արձակելով մեկ կրակոց վերջինիս աջ աչքի շրջանում պատճառել է միջանցիկ հրազենային վնասվածք, ինչի հետևանքով սպանել է Հենրիկ Արամյանին»:
Դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն, Հայկ Դոլունցը «բացահայտ անհարգալից» վերաբերմունք է ցուցաբերել Հենրիկ Արամյանի նկատմամբ, ընդգծել իր անձի առավելությունը և գիտակցել է ձգանը սեղմելու հետևանքով արձակված կրակոցի հետևանքները:
«Ոչ մեկ չի կարող ասել, թե Հայկ Դոլունցը չի իմացել զենքի հետ վարվելու կանոնները: Լավ էլ իմացել է: Ես հրամանատարությանը հարց տվեցի՝ ինչի՞ եք դրան դրել դիրքի ավագ, իրենք էլ պատասխանեցին՝ դրել ենք դիրքի ավագ, որովհետև նա բոլորից լավ գիտեր զենքի հետ վարվելու կանոնները», -ասում է Սամսոն Արամյանը՝ պնդելով, որ ամբաստանյալի արարքներում դիտավորությունն ակնհայտ է:
Մեկ տարուց ավելի ձգվող դատական նիստերի ընթացքում արդեն երկու դատավոր է փոխվել, տրվել են վկայություններ, որոնք, ըստ Սամսոն Արամյանի, ավելի են ամրապնդել ամբաստանյալ Հայկ Դոլունցի դիտավորյալ կատարած հանցանքը:
Ավելին, ըստ 7 անձի վկայությունների, պարզվել է, որ Արամյանին կրակելուց հետո նա դեպքին ականատես վկաներից պահանջել է ասել, որ Հենրիկ Արամյանն ինքն է իր վրա կրակել. «Էսի սամաստրել ա, ով չասի՝ Հենոն ինքն իրան ա խփել, նրա մերը…»: Որպես դիրքի ավագ, նույնիսկ հրահանգել է զենքի վրայից իր մատնահետքերը մաքրել:
«Զինծառայողներից մեկն ասել է՝ Ռազմական ոստիկանությունը հասկանալու է՝ ինչ է իրականում եղել, ինքն էլ (նկատի ունի ամբաստանյալ Հայկ Դոլունցին-հեղ.), ասել է՝ չէ՛, այ ախպեր, չեն ջոկի մոտիկից եմ խփել», -դատարանում տված ցուցմունքներն է ներկայացնում Սամսոն Արամյանը: Դեպքին հաջորդող պահին, երբ սկսվել են քննչական գործողությունները, նա առաջ է քաշել ինքնասպանության վարկածը, սակայն քննությունը դա չի հաստատել, արդյունքում Հայկ Դոլունցն այժմ ամբաստանյալի աթոռին է՝ ծանր մեղադրանքով:
Որդուն կորցրած հորը, որն այժմ առաջադրված մեղադրանքը հաստատող ու միայն արդար դատական ակտի է սպասում, վրդովեցրել է ամբաստնյալի փաստաբան Գոռ Գևորգյանի արարքը, երբ վերջինն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պաշտպանյալի հետ մի ուրախ լուսանկար ու գրել, որ Դոլունցն անմեղ է, իսկ մեղադրանքը՝ անհիմն:
«Դա արել է այն պարագայում, երբ կան փաստեր ու վկայություններ, որ երեխուս կրակողը ինքն է՝ Հայկ Դոլունցը: Նույն փաստաբանն ասում է՝ իր պաշտպանյալն եղել է շոկի մեջ, ո՞նց է նման բան հնարավոր, շոկի մեջ եղած մարդը սպանությունից հետո կարող է սպառնալ մյուս զինակիցներին, կարո՞ղ է հրահանգել, որ զենքի վրայից իր մատնահետքերը մաքրեն, կարո՞ղ է հրանահգել բոլորին, որ ասեն սամաստրել ա», -հարցեր է բարձրացնում Սամսոն Արամյանը:
Նա սպասում է, որ դատարանը կհաստատի առաջադրված մեղադրանքը. «Ես տվել եմ երեխին պետությանը, ու բնականաբար երկու տարի հետո պետք ա ստանայի ավելի հասուն, ավելի մեծ, տղամարդ դարձած իմ որդուն, բայց պետությունը չտվեց: Թող հիմա այդ պետությունը բարի լինի իրականացնի ճիշտ դատավարություն, կայացնի ճիշտ դատավճիռ, որ սա դաս լինի մյուս դեպքերը կանխվեն»:
Հասմիկ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութի հեղինակ՝ Ռուզաննա Քոչարյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: