Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, հետևաբար նոյեմբերի 22-ին նրա նախագահությամբ կայանալիք Գորիսի դիրքերում երեք զինծառայողների սպանության գործով դատական նիստը հետաձգվելու է մինչև նոր դատավոր կնշանակվի: Այդ մասին Forrights.am-ին ասաց գործով մեղադրյալ Սամվել Գրիգորյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Այս գործով նախնական դատական նիստերից մեկը կայացել էր Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ որոշվել էր այն ընդդատությամբ ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Նոյեմբերի 9-ին Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կայացած դատական նիստում դատավարության նախնական փուլն ավարտվեց և այն արդեն մտել է հիմնական փուլ: Սակայն դատավորի փոփոխությունը անորոշ ժամկետով կարող է հետաձգել նիստերի անցկացումը:
Մինչ այդ երեք զինծառայողներ՝ Մուրադ Մուրադյանի, Լևոն Հարությունյանի, Գոռ Սահակյանի սպանության գործով մեղադրյալ Սամվել Գրիգորյանի կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը օրերս որշում է կայացրել՝ բեկանելով Գորիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Գրիգորյանին կալանավորելու մասին:
«Երբ Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում ընդդատության հարցը քննարկեց, որոշեց այն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, դրանից հետո հայտարարեց, որ անցնում է խափանման միջոցի հարցի քննությանը: Սակայն նույն դատարանը այլևս չէր կարող խափանման միջոցի հարց քննարկել, որովհետև արդեն այս գործով դատավոր չէր: Բայց միևնույն է, Գորիսի դատավորը (Մ. Արամյան-հեղ.) քննարկեց, որոշեց, որ չէ, պետք է խափանման միջոցի հարցը թողնի անփոփոխ: Մենք էլ բողոք ներկայացրինք, և Վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բավարարել մեր բողոքը՝ համարելով, որ անձի իրավունքի խախտում է տեղի ունեցել», -ներկայացրեց Լիպարիտ Սիմոնյանը:
Նկատենք, որ նոյեմբերի 9-ին կայացած նիստում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ որոշել էր երեք ամսով ավելացնել այս գործով երկու ամբաստանյալների՝ Սամվել Գրիգորյանի և Աղվան Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը:
Փաստաբան Սիմոնյանը չի բացառում, որ դատական նիստերը վերսկսելուն պես Վերաքննիչ դատարանի որոշումը կներկայացնեն որպես նոր երևան եկած հանգամանք և կմիջնորդեն փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:
Նույն ամբաստանյալի մյուս պաշտպանը՝ փաստաբան Հրանտ Դավթյանն իր հերթին նկատեց, որ ստեղծված վիճակը «իրավական կազուս» է, որին պետք է լուծում տրվի:
«Եթե ենթադրենք Վերաքննիչ դատարանի որոշումը տասն օր առաջ լիներ, Սամվել Գրիգորյանին պետք է ազատ արձակեին, բայց քանի որ մի հատ էլ Երևանում նոյեմբերի 9-ին դատական նիստ է եղել, որի ժամանակ որոշվել է երկարացնել կալանքի ժամկետը, դրա համար էլ կազուս է առաջացել: Փորձում ենք մարտավարություն մշակել ու խնդրին լուծում տալ», -Forrights.am-ին ասաց փաստաբան Հրանտ Դավթյանը:
Հնարավոր լուծումներից է Վերաքննիչ դատարանի որոշումը ներկայացնել որպես նոր երևան եկած հանգամանք և միջնորդել փոխել խափանման միջոց կալանքը: Բացի այդ, ամբաստանյալ Սամվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մտադիր է կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան: Դավթյանի խոսքով, բողոքի հետ կներկայացնեն նաև Վերաքննիչ դատարանի որոշումը:
Տեղեկանք
Ըստ պաշտոնական վարկածի, «դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը կացարանում սեռական բնույթի համասեռական գործողություններ է կատարել ծառայակից Աղվան Հովհաննիսյանի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է Աղվան Հովհաննիսյանին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի»:
«2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Ա.-ն, կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորելով այն կրակ է բացել իր քնած համածառայակիցների ուղղությամբ», -նշվում էր Քննչական կոմիտեի՝ հուլիսի 22-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դիրքի ավագ Սամվել Գրիգորյանին նախաքննական մարմինը մեղադրել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության դրդելու մեջ: Սակայն հետագայում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքը հանվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ապացույցներ ձեռք չեն բերվել:
Նախաքննության փուլում Աղվան Հովհաննիսյանը սկզբում ցուցմունք էր տվել այն մասին, որ դիրքի ավագ Գրիգորյանը իրենից պահանջել է սպանել վերոնշյալ երեք զինծառայողներին՝ ծաղրից խուսափելու համար, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունների մասին տեսանյութը կուղարկի նրա ծնողներին: Ըստ իր ցուցմունքի, ինքն էլ տրվել է շանտաժին ու սպանել է ծառայակից ընկերներին:
Այնուհետև Աղվան Հովհաննիսյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից՝ ասելով՝ իր հետ նման բան չի եղել, ինքը որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել, իսկ կեղծ ցուցմունքները գրել է ռազմական ոստիկանության աշխատակիցների ճնշմամբ:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: