Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի» գործով օրերս Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել, որը կարող է հիմք լինել նոր նախաքննություն սկսելու համար:

24-ամյա Վահան Խալաֆյանը 2010-ի ապրիլի 13-ին գողություն կատարելու կասկածանքով բերվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ էլ մահացել է: ՄԻԵԴ-ն իր վճռում արձանագրել է Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված` կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքների խախտում:

Հայաստանի կառավարությունը տուժողի իրավահաջորդներին` Վահանի մորը և ազգականներին, պետք է վճարի 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:  Վահան Խալաֆյանի ազգականների իրավունքները ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբան Արա Ղազարյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռով անդրադարձել էր ամենակարևոր խնդրին, այն է՝ քրեական գործի քննությունը ի սկզբանե գնացել է ոչ ճիշտ ուղղությամբ, այսինքն՝ ինքնասպանության վարկածով, մինչդեռ պաշտպանները ի սկզբանե հերքում էին ինքնասպանությունը և առաջ էին տանում սպանության վարկածը՝ այսինքն ոչ թե մտադրված սպանություն, այլ բռնություն, որի հետևանքով մահացել էր Վահան Խալաֆյանը: Բայց ոստիկանության բաժանմունքում բեմականացում է տեղի ունեցել, ներկայացվել է այդ ամենը որպես ինքնասպանություն», -Forrights.am-ին ասում է Արա Ղազարյանը:

2010-ի ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը և ևս երեք անձ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին: Վահան Խալաֆյանը ձերբակալվել է: Սակայն համապատասխան մատյանում որևէ գրառում այդ մասին չի կատարվել:  Վահան Խալաֆյանը հրաժարվել է տալ ինքնախոստովանական ցուցմունք, արդյունքում ոստիկանության բաժնում` քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բռունցքներով և ոտքերով հարվածելով մարմնի տարբեր մասերին:

Ավելի ուշ կազմվել է անձին ոստիկանություն բերման ենթարկելու արձանագրություն, որտեղ ոստիկանություն բերման ենթարկելու ժամը կեղծվել է: Կարճ ժամանակ անց, պաշտոնական վարկածի համաձայն, Վահան Խալաֆյանը, աշխատասենյակի պահարանից վերցնելով այնտեղ պահվող խոհանոցային դանակը, երկու անգամ հարվածել է իր որովայնին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Երիտասարդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողել. ստացված մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Ոստիկանների հանցագործությունը կոծկելու համար իրավապահները որոշել էին ինքնասպանության հոդվածով քրեական գործ հարուցել:

«Այս գործի մեջ ամենազավեշտալի փաստն այն է, որ ստացվում է՝ Խալաֆյանը դանակով երկու անգամ հարվածել է իր որովայնին, բայց մինչ այդ հասցրել է բարձրացնել վերնաշապիկը, արձակել գոտին, իջեցնել տաբատը: Որևէ մեկը կհավատա՞ այս վարկածին: Նույնիսկ՝ ոչ իրավաբան», -ասում է Արա Ղազարյանը:

Խալաֆյանի հարազատներն ու նրանց ներկայացուցիչները վիճարկել էին պաշտոնական վարկածը և պնդել, որ իրականում Վահան Խալաֆյանը կորցրել է գիտակցությունը վատ վերաբերմունքի հետևանքով ստացած գլխուղեղի վնասվածքի պատճառով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետը, բացի դանակի հարվածների հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ վնասվածքներ ևս արձանագրել էր Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին:  Հարուցված քրեական գործի շրջանակներու մեղադրանք էր առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորես Հայրապետյանին, ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին  և Գագիկ Ղազարյանին:

«Եվրոպական դատարանը չորրորդ ատյան չէ, որ որոշեր՝ սպանություն էր, թե ինքնասպանություն կամ՝ իրականում ինչ էր տեղի ունեցել: ՄԻԵԴ-ը որպես կանոն ուսումնասիրում է, թե պաշտպանների բերած փաստարկներին ինչպես է արձագանքում քննություն իրականացնող մարմինը՝ նախաքննական մարմինը և դատարանը», -ասում է Արա Ղազարյանը: Նրա խոսքով, Եվրոպական դատարանը փաստել է՝ անձի կյանքի իրավունքի ու խոշտանգման արգելքի խախտում է տեղի ունեցել, իսկ նախաքննական մարմինը այդ մասին ներկայացուցիչների դիմումներին զրո արձագանք է տվել: «Այսինքն պետք է առանձին քննություն իրականացվեր, որը չի արվել: Եվրոպական դատարանը փաստել է, որ և նախաքննությունը և դատաքննությունը արդյունավետ չի եղել», -ընդգծում է իրավաբանը:

Հարցին, թե կարո՞ղ է ՄԻԵԴ որոշումը Հայաստանի իրավապահ մարմիններում 12 տարի առաջ տեղի ունեցած դեպքով հարուցված այս քրեական գործը վերաբացելու հիմք դառնա, Ղազարյանն արձագանքում է. «Վերաբացում պետք է արվի, այո, բայց ոչ թե դատարանից, այլ նոր մեղադրանք առաջադրելով: Նոր Քրեական օրենսգիրքն այդ հարցը լուծում է՝ խոշտանգման հիմքերով գործերի նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում: Բայց խնդիրը հետադարձ կիրառության սկզբունքն է. Եվրոպական դատարանն ասում է՝ խստացնող օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:

Արա Ղազարյանն ասում է՝ այս փուլում դեռ պետք է սպասել. գուցե կառավարությունը բողոքարկում է այս վճիռը: Եթե չբողոքարկի, երեք ամսվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի, ու Խալաֆյանները կորոշեն՝ վերաբացման դիմում կներկայացնեն, թե ոչ:

Ի՞նչ էր տեղի ունեցել մեղադրյալների հետ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ 2010-ին Աշոտ Հարությունյանին դատապարտել էր ազատազրկման` 8 տարի ժամկետով, Մորես Հայրապետյանին՝ 2 տարի ժամկետով, բայց Գարիկ Դավթյանն ու Գագիկ Ղազարյանը ճանաչվել էին անմեղ և արդարացվել էին:

Դատապարտվածները սակայն, երկար չէին մնացել անազատության մեջ. մեկ տարի անց՝ 2011-ին  Վերաքննիչ դատարանը Խալաֆյանի իրավահաջորդների և մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքները մերժել էր` ուժի մեջ թողելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Ավելին, Վերաքննիչ դատարանը Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառել էր համաներում և ազատել պատժից, իսկ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատել էր 1/3-րդով:  Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր բողոքները` այդպիսով օրինական ուժ տալով վերաքննիչ դատարանի որոշմանը:

«Եվրոպական դատարանում բոլոր գործերով մեղավորը միշտ մեկն է՝ պետությունը: ՄԻԵԴ-ում պատասխանատվության ենթարկվել է պետությունը: Եթե Հայաստանում վերաբացման արդյունքում էլի կգտնվեն մեղքի բաին ունեցող պետության պաշտոնատար անձինք, այո, նրանց պետք է փնտրել ու պատասխանատվության ենթարկել», -նշում է Արա Ղազարյանը:

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest