Գորիսի զորամասի դիրքերից մեկում նախորդ տարի ամռանը 3 զինծառայողների սպանության գործով դատական նիստի նախնական փուլը նոյեմբերի 9-ին ավարտվեց: Նոյեմբերի 22-ին արդեն կմեկնարկի դատական հիմնական փուլը:  Գորիսի զորամասում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը երեք զինծառայողի կյանք էր խլել՝ Մուրադ Մուրադյան, Լևոն Հարությունյան, Գոռ Սահակյան: Երեք զինծառայողների սպանության համար մեղադրվում են նրանց համածառայակիցները՝ Աղվան Հովհաննիսյանն ու դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը:

Մեղադրյալների պաշտպանները միջնորդեցին հիմնական դատավարությունն անցկացնել դռնփակ: Պաշտպաններն այս վարույթով դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը հիմնավորում էին ազգային անվտանգության, պետական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ:

«Այս գործով բոլոր վկաները եղել են մարտական հենակետում, և նրանց բոլորի ցուցմունքները ինչ-որ ձևով առնչվում են մարտական հենակետի տեղակայումներին»,-միջնորդությունը հիմնավորեց մեղադրյալ Սամվել Գրիգորյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Դռնփակ նիստեր անցկացնելու միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը: Նրա կարծիքով, նիստերը դռնփակ անցկացնելը կարող է խախտել դատաքննության թափանցիկության, հանրային իրազեկվածության սկզբունքը:

«Մի քիչ ամպագոռգոռ է հնչում պաշտպանների հիմնավորումը, թե ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություններ կարող են հաղորդվել նիստի ընթացքում: Կան որոշակի հանգամանքներ, անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որոնց վերաբերյալ քննությունը կարող է անցկացվել դռնփակ: Մյուս դեպքերում նիստը նպատակահարմար ենք գտնում, որ անցնի դռնբաց»,- արձագանքելով պաշտպաններին իր դիրքորոշումը ներկայացրեց մեղադրող դատախազ Գրիգոր Մղդեսյանը:

Լսելով կողմերին, հայտնելով միջնորդության վերաբերյալ իր անհամաձայնությունը դատարանը որոշեց նիստն անցկացնել դռնբաց, սակայն առանձին դեպքերում, երբ քննարկումը կարող է պարունակել պետական, անձնական գաղտնիք, դատարանը կորոշի նիստը դռնփակ անցկացնելու հարցը:

Դատավոր Պապոյանի նախագահությամբ կայացած նախնական դատական նիստում ներկայացվեցին պաշտպաններն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, կողմերը ծանուցվեցին իրենց իրավունքների մասին, բացարկներ ու ինքնաբացարկներ չեղան:

Անդրադարձ եղավ նաև մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության հարցին, քանի որ շուտով ավարտվելու էր նրանց երկուսի կալանքի ժամկետը: Մեղադրող դատախազը միանգամից հայտարարեց, որ մեղադրալների կալանքի հիմքերը պարզ են, դրանք չեն փոխվել կամ վերացել, հետևաբար պետք է շարունակեն մնալ կալանքի տակ:

Այդուհանդերձ, և Սամվել Գրիգորյանի, և Աղվան Հովհաննիսյանի պաշտպանները միջնորդեցին փոխել տղաների խափանման միջոցը և ընտրել այլ խափանման միջոց: «Իմ պաշտպանյալը չի կարող խանգարել դատաքննությանը և ըդնհանրապես, խոչընդոտելու հիմք էլ չկա, հետևաբար միջնորդում եմ չերկարացնել կալանքի ժամկետը և ընտրել այլ խափանման միջոց», -հայտարարեց Սիմոնյանը:

Դատավոր Պապոյանը հետաքրքրվեց՝ այլընտրանքային ի՞նչ միջոց է առաջարկում իր պաշտպանյալի համար: «Զորամասի հսկողությանը հանձնելը», -արձագանքեց Սիմոնյանը: Դատարանը, սակայն, մերժեց պաշտպաններին և որոշեց, որ մեղադրյալներ Սամվել Գրիգորյանը և Աղվան Հովհաննիսյանը ևս երեք ամսով կմնան կալանավորված:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական վարկածի, «դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը կացարանում սեռական բնույթի համասեռական գործողություններ է կատարել ծառայակից Աղվան Հովհաննիսյանի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել:  Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է Աղվան Հովհաննիսյանին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի»:

«2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Ա.-ն, կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորելով այն կրակ է բացել իր քնած համածառայակիցների ուղղությամբ», -նշվում էր Քննչական կոմիտեի՝ հուլիսի 22-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դիրքի ավագ Սամվել Գրիգորյանին նախաքննական մարմինը մեղադրել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության դրդելու մեջ: Սակայն հետագայում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքը հանվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ապացույցներ ձեռք չեն բերվել:

Նախաքննության փուլում Աղվան Հովհաննիսյանը սկզբում ցուցմունք էր տվել այն մասին, որ դիրքի ավագ Գրիգորյանը իրենից պահանջել է սպանել վերոնշյալ երեք զինծառայողներին՝ ծաղրից խուսափելու համար, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունների մասին տեսանյութը կուղարկի նրա ծնողներին: Ըստ իր ցուցմունքի, ինքն էլ տրվել է շանտաժին ու սպանել է ծառայակից ընկերներին:

Այնուհետև Աղվան Հովհաննիսյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից՝ ասելով՝ իր հետ նման բան չի եղել, ինքը որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել, իսկ կեղծ ցուցմունքները գրել է ռազմական ոստիկանության աշխատակիցների ճնշմամբ:

Դատական նիստից հետո մեղադրող դատախազ Գրիգոր Մղդեսյանը Forringhts.am-ի հետ զրույցում պնդեց՝ ներկայացված մեղադրանքը հիմնավոր է: «Մեղադրանքը հիմնավոր է, կան ապացույցներ, բայց այս պահին ավել բան չեմ կարող ասել», -ասաց դատախազ Մղդեսյանը ու հեռացավ:

Հասմիկ Համբարձումյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest