«Ամեն առիթով տղերքին հիշելը, նրանց անունները տեսնելը ամենակարեւորն է: Անհայտ մարդիկ չեն, անծագում մարդիկ չեն նրանք: Թղթի վրա գրված վիճակագրություն չեն, թիվ չեն: Նկարագիր են, մարդ են, ծնունդ են: Դա ամենակարեւորն է»: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքերն են, ով երեկ ներկա էր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի դպրոցում դասարանների անվանակոչություն, ի հիշատակ 44- օրյա պատերազմում զոհված երեք տղաների` Ալիկ Հախվերդյանի, Արսեն Հախվերդյանի եւ Մանվել Մանուչարյանի:
Արսենը դիպուկահար էր, ծառայում էր Հադրութում: Զոհվել է հոկտեմբերի 5-ին:
Մանվելը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, շուրջ 8 ժամ տեւած թեժ մարտերից հետո։ Արցախի նախագահի հրամանով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար Մանուչարյանը պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Ալիկը 7-րդ հրաձգային վաշտից էր, զոհվել է հոկտեմբերին Հադրութում։ Ծառայությունն ավարտելուց հետո Ալիկը նպատակ ուներ․ պիտի դառնար –ճանաչված ճարտարապետ։
Նոյեմբերի 8-ը նաեւ Ալիկ Հախեվրդյանի ծննդյան օրն է: Դպրոցում տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ հավաքվածներին իր խոսքում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատը ասաց, որ ոչ Ալիկի, ոչ մյուս տղաների երկնային ծնունդը չի կարող ջնջվել. «Ինչքան էլ մենք ցավենք, մեր սրտերը խոցված լինեն, նրանց ծնունդը չի ջնջվում, ջնջել հնարավոր չէ: Նրանց պատիվն էլ չի գողացվում, դա էլ հնարավոր չէ»:
Հաղարծինի դպրոցում նաեւ բացվեց հուշաղբյուր` ի հիշատակ զոհված տղաների:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: