Ժամկետային զինծառայող Արտյոմ Լոգյանը բանակ էր զորակոչվել Գյումրիից: Նա զոհվել է 2020-ի սեպտեմբերի 30-ին ջրականում` ԱԹՍ հարվածի հետեւանքով: Նույն տեղում կռված կամավորները ավելի ուշ նրա մորն ասել են` չէինք պատկերացնում, որ 18 տարեկան տղան կարող է մեզնից հոգով ուժեղ լինել:
Արտյոմի մայրը` Լենա Արղամանյանը պատմում է, որ ինքը ՌԴ քաղաքացի է, եւ իր երկու որդիները եւս ՌԴ քաղաքացիություն ունեին: Արտյոմը կարող էր չմեկնել զինվորական ծառայության, սակայն պնդել է` պետք է ծառայի ու պետք է ոչ թե ՌԴ, այլ ՀՀ անձնագիր ունենա:
2020-ի հունվարին Արտյոմը ծառայության էր անցել Կապանում, սակայն պատերազմի օրերին տեղափոխվել է ջրական: Մարտեր է վարել Գրադ համազարկային կայանով:
«Ես ՌԴ-ում էի: Սեպտեմբերի 26–ին իր հետ խոսացել եմ: Զանգեց, ասեց` մամ, ամեն ինչ շատ լավ է, ասեցի` Արտյոմ, պետք է գամ Հայաստան, քեզ տեսնեմ, ասեց` մամ, հոկտեմբերին 15 օր արձակուրդ են տալու, այդ ժամանակ արի: Ես շատ զարմացա, քանի որ զինվորներին տասը օր են արձակուրդ տալիս: Արտյոմն ասաց` ես շատ լավ եմ ծառայում, մամ ջան… Ամսի 27-ին չզանգեց, հաջորդ օրը զանգել է եղբորը, ասել է` ախպեր ջան, հանկարծ չգաք, մենք կռվում ենք: Ավեի ուշ եղբորը հաղորդագրություններ է գրել, գրել է` ես քեզ շատ եմ սիրում»,- հիշում է մայրը:
Լենա Արղամանյանը ցանկացել է օր առաջ Վերադառնալ Հայաստան եւ Արցախ մեկնել, սակայն այդ օրերին հնարավոր չի եղել ինքնաթիռի տոմս գտնել.«Տոմս կարողացա գտնել միայն այն բանի շնորհիվ, որ որպես բժշկական կրթություն ունեցող մարդ կամավորագրվեցի, որ գնամ առաջնագիծ: Բախտի բերմամբ ամսի մեկին մի կամավոր իր տոմսը հետ հանձնեց եւ ես վերցրի այդ տոմսը… գիշերը հասել եմ, սպասել եմ լույսը բացվի, որ գնամ: Ամեն ինչ պատրաստ էր… Բայց ես ուշացա… պարզվեց, որ տղաս արդեն զոհվել է եւ այդ ժամանակ արդեն Գյումրիի դիահերձարանում է»:
Զոհված զինվորի մայրը պատմում է, որ որդուն Գյումրի տեղափոխելիս նրա փաստաթղթերը անհետացել են: Նրան դիահերձարանում տեսել են ընտանիքի ընկերները, ովքեր այդ մասին հայտնել են Արտյոմի ավագ եղբորը` Սայաթին: «Սայաթը գնում է դիահերձարան ու ճանաչում է եղբորը: Հետո ինձ պատմում է, ասում է` մամ, այդ պահին չէի ուզում հավատալ, հետ քաշվեցի, նորից մոտեցա… ինքն էր»,- պատմում է մայրը:
Լենա Արղամանյանը որդուն կորցնելուց հետո տարբեր դասընթացների է մասնակցում, սովորում է կրակել, առաջին բուժօգնություն ցուցաբերել եւ այլն: Ասում է` այդ կերպ իրեն ավելի մոտ է զգում որդուն. «Սկզբում շատ դժվար էր, բոլոր տղաների մեջ Արտյոմիս էի փնտրում, բայց հետո զգացի, որ ինքը ինձ ուժ է տալիս»:
Անի Գևորգյան
Մանրամասները տեսանյութում՝
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: