Հոկտեմբերի 29-ին Կապանի զորամասում պահեստազորային զինծառայող 37-ամյա Միսակ Պետրոսյանի սպանության մեջ կասկածվող Վահե Ղազարյանը ծանր հանցագործության համար 3 տարի ազատազրկման է դատապարտված եղել: Բայց դատարանը 2021-ի մայիսի 24-ին որոշել է Ղազարյանի նկատմամբ դատավճիռը պայմանականորեն չկիառել և սահմանել է 3 տարի փորձաշրջան: Ղազարյանը, սակայն, չի պահպանել փորձաշրջանի պահանջները ու արդյունքում ծնվել է նոր հանցանք: Հիմա սպանված պահեստազորային Միսակ Պետրոսյանի հարազատներին հետաքրքրում է՝ ճի՞շտ է արդյոք որ ծանր հանցանք գործած անձը կանչվի զորահավաքի, մեկնի դիրքեր ու մասնակցի երկրի սահմանների պաշտպանության պատասխանատու գործին:
Միսակ Պետրոսյանը ծանուցագիրն ստացել է ու հաջորդ օրն անմիջապես մեկնել զորահավաքի, սկզբում՝ Արմավիր, այնուհետև՝ Կապան: «Ոչ մի պահ չկասկածեց, հակառակը, ոնց որ սպասեր՝ երբ են կանչելու, երբ է գնալու», -Forrights.am-ին ասում է Միսակի եղբայրը՝ Հակոբ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ, Միսակի հետ խոսել են դեպքի նախորդ օրը, տրամադրությունը լավ էր, ասել է՝ խնդիր չունի: Դեպքի մասին Պետրոսյաններին հայտնել են զինկոմիսարիատից: Այլ մանրամասներ չեն փոխանցել:
Պահեստազորային զինծառայողի մահվան մասին հոկտեմբերի 29-ին հայտնել էր Պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Պետրոսյանը «համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել»:
Նույն օրն ավելի ուշ Քննչական կոմիտեն առանց անուններ հայտնելու տեղեկացրեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 528-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը)»։
Նոյեմբերի 1-ին արդեն Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքային Վահե Ղազարյանին վերոնշյալ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորվել է:
Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ Վահե Ղազարյանը իրավապահների թիրախում հայտնվել էր 2020-ի նոյեմբերին, երբ ըստ դատավճռի, խոհանոցային դանակով հարվածել է համագյուղացուն՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ինքը՝ Ղազարյանը «անկեղծորեն զղջացել է» կատարվածի համար, ընդունել է մեղադրանքը, և միջնորդել, որ իր դատաքննությունն անցնի արագացված ընթացակարգով: Արդյունքում 2021-ի մայիսին դատարանը որոշել է նրան դատապարտել 3 տարի վեց ամիս ազատազրկման, միևնույն ժամանակ որոշել է չկիրառել պատիժը՝ սահմանելով 3 տարի փորձաշրջան: Վահե Ղազարյանի նկատմամբ վերահսկողությունը, ըստ դատավճռի, դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի վրա` պարտավորեցնելով նրան` առանց այդ մարմնի թույլտվության չփոխել մշտական բնակության վայրը և այդ մարմնի կողմից նշանակված օրերին ներկայանալ տարածքային մարմին: Այս գործով մեղադրող դատախազը, սակայն, համաձայն չի եղել դատավճռի հետ և բողոքարկել է այն: Վերաքննիչ քրեական դատարանում հաջողության չի հասել, քանի որ առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ, բայց շարունակել է՝ դիմելով Վճռաբեկ դատարան:
Միսակ Պետրոսյանի հուղարկավորությունից յոթ օր է անցել, և Պետրոսյանները շոկի մեջ են՝ որդուն կենդանի ուղարկեն բանակ և ստանան նրա անկենդան մարմինը: Նրանց համար տարօրինակ է՝ ինչպե՞ս է իրավապահ մարմինների հսկողության տակ հայտնված անձը զորահավաքին մասնակցելու ծանուցագիր ստանում և մեկնում սահմանային դիրքեր:
«Գուցե օրենքի բաց կա, ինչպե՞ս է հնարավոր դատվածություն ունեցող և դատվածությունը չմարված մարդը մեկնի բանակ: Իմ եղբայրը կոնֆլիկտային չէր, նա հանգիստ մարդ էր, առհասարակ վիճաբանություններից հեռու էր մնում, խաղաղ մարդ էր, շատ լուսավոր կերպար: Բացարձակ ագրեսիվ հատկանիշներ չուներ: Գնալուց էլ իր նպատակը միայն մեկն է եղել՝ պաշտպանել հայրենիքի սահմանները», -ասում է սպանված պահեստազորային զինծառայողի եղբայրը՝ Հակոբ Պետրոսյանը:
Հարցին՝ արդյոք բռնության հետքեր եղել են Միսակ Պետրոսյանի մարմնի վրա, Հակոբ Պետրոսյանն ի պատասխան նկատում է, որ դիակի զննության ժամանակ ոչ մի բանի վրա ուշադրություն չեն դարձրել. գլխում միայն մի հարց է անընդհատ պտտվել՝ ինչպե՞ս էր նման բան հնարավոր: Ասում է՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի պատասխաններն ստանալուց հետո է հնարավոր հասկանալ՝ մինչ սպանությունը բռնություն եղե՞լ է, թե ոչ: Մինչ այժմ նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեն նույնիսկ տուժող չի ճանաչել Պետրոսյաններին:
Միսակ Պետրոսյանն ուներ փոքր շրջանառությամբ ընկերություն, զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ: Կամավորագրվել էր 44-օրյա պագտերազմին մասնակցելու համար, սակայն մինչ կկանչեին, փորձել է անհրաժեշտ պարագաներով ու այլ հնարավոր տարբերակներով օգնել բանակին: «Ապրանքներ էր մատակարարում զորամասներին իր հնարավորությունների չափով: Այս պահին քրեական վարույթի շրջանակներում մեզ համար կարևոր է իմանալ՝ ինչու է Վահե Ղազարյանը, ինչու է հանցագործության հակումներ ունեցող նման անձը հայտնվել բանակում, ինչու չի կանխվել այդ մարդու մուտքը զորամաս», -ասում է եղբորը կորցրած երիտասարդը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասում է՝ հարցը իրավական հարթության վրա է, քննվող քրեական գործերի վերաբերյալ մեկնաբանություներ չեն կարող տալ:
«Վարժական հավաքներին ներգրավում են գործող օրենքի համաձայն: Վարժական հավաքներին չեն ներգրավում երբ կա առողջական խնդիր, երբ անձն ունի 4 և ավելի երեխա, ինչպես նաև ունի անձեռնմխելիություն: Իրավապահ համակարգին պետք է հարցնեք անձի դատվածության և նրա վերաբերյալ քրեական գործերի մասին», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Թորոսյանը:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: