«Իմ տղան նահանջող չէր»,- ասում է միակ որդուն մարտի դաշտում կորցրած հայրը։ 19-ամյա Նորայր Պետրոսյանը զոհվել է Իշխանասարում՝ 60 այլ զինվորների հետ, երբ թշնամին սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերին լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է հրահրել։
«Իմ տղան նահանջող չէր։ Հետնահանջ է եղել, բայց նա չի նահանջել։ Իրենց ջոկը, որ չի նահանջել, մյուսներն էլ չեն նահանջել, այդպես ենք իմացել, որ 60 հոգի զոհվել է։ Իրար հետ սկսել են բոյ տալ։ Ինքը շատ էր սիրում իր երկիրը։ Ասում էինք, որ զգուշ մնա, ասում էր՝ պապ, զգուշ մնալու բան չկա, բա ինչի՞ համար ենք գնացել։ Մեր երկիրն է, պետք է պահենք։ Ինքը եթե հերոս չլիներ կյանքը երկրի, հայ ժողովրդի համար չէր նվիրի»,-ասում է հայրը՝ Արամ Պետրոսյանը։
Հայրն ու մայրը Նորայրի մարտական ուղու և զոհվելու հանգամանքերի մասին շատ քիչ տեղեկություններ ունեն։ Դիրքերում 7 հոգով են եղել, վեց զինվոր և ջոկի ավագ Նորայր Պետրոսյանը։ Բոլորը զոհվել են։ Հայրն ասում է՝ հրամանատարն այլ վայրում է եղել, թե՝ ո՞ւր, չգիտեն։ Թե կոնկրետ քանի՞ հոգի է հարձակվել և ինչ զինատեսակներ օգտագորել դիրքի ուղղությամբ, որտեղ Նորայրն է եղել, ծնողներին ոչինչ հայտնի չէ, բայց հայրը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են դիրքում 7 զինվորով եղել։
«Առանց հրամանատարի են եղել, հրամանատրն իր տեղն է ունեցել նստելու։ Մենք լսել են, որ իրենց հրամանատարը ողջ չէ։ Նորմալ չէ, որ մի դիրքում 7 հոգով են եղել, որպես հրամանատար ինքն է եղել իր ջոկի մոտ»,-ասում է նա։
Նորայրի ծնողները սեպտեմբերի 13-ի առավոտյան են իմացել, որ գիշերը սահմանում մարտեր են սկսվել։ Հարազատներից միայն մորեղբայրն է իմացել, բայց նա ամբողջ հիշեր, իսկ ընտանիքն էլ սեպտեմբերի 13-14-ին զանգել ու չեն կարողացել կապ հաստատել Նորայրի հետ։ Սկզբում զանգերն անպատասխան են մանցել, իսկ հետո համարն անհասանելի է դարձել։
Վերջին անգամ Նորայրի հետ մայրն է խոսել՝ սեպտեմբերի 12-ին, երեկոյան 7-ին։ Այս խոսակցությունից հետո ընտանիքն այլևս Նորայրի հետ կապ չի կարողանում հաստատել։ «Ասում է՝ լավ ենք, ոչ մի բան չկա։ Մենք չենք իմացել, որ գիշերը սկսել են կրակել, առավոտյան գործի գնալուց եմ իմացել։ Դրանից հետո հա զանգեցին, բայց չէր պատասխանում և այդպես էլ տեղեկություն չունեցանք։
Սեպտեմբերի 13-ին և 14-ին միակ որդու հետ որևէ կերպ կապի դուրս չգալուց, լուր չունենալուց հետո Արամը որոշում է գնալ Գորիս, բայց զգուշացնում են՝ ճանապարհները փակ լինելու մասին։ Փոխարենը պաշտպանության նախարարություն է գնում՝ հույսով, որ գերատեսչությունում իր հարցերին պատասխան կտան։ «Ասեցին մենք էլ տեղեկություն չունենք՝ զոհեր կա՞ն, թ՞ե չկան, բայց մենք իմացանք, որ Իշխանասարում 60 հոգի զոհվել է»։
Հայրն ու մայրը ամենուր փնտրել են իրենց միակ որդուն, մինչև սեպտեմբերի 21-ին զանգել ու ասել են, որ որդու դին Գորիսից տեղափոխվել է Մարտունի։ «Գնացինք տեսանք, որ մեր էրեխեն է»,-ասաց հայրը՝ նշելով, որ որդին զոհվել է գլխին ստացած բեկորային վնասվածքից։
Պաշտպանության նախարարությունը որևէ պարզաբանում չի ներկայացրել Նորյարի զոհվելու հանգամանքերի վերաբերյալ, անգամ ընտանիքին չեն այցելել։ Արամ Պետրոսյանը մի շարք հարցերի պատասխաններ է ուզում ստանալ՝ ինչո՞ւ են զինվորներին օպերատիվ տեղեկություն չի փոխանցվել թշնամու գործողությունների վերաբերյալ։ «Էրեխեքը չեն իմացել, որ պատերազմ է։ Ժամը 12-ին, 1-ին ո՞նց իմանային, բայց հարց է՝ պատասխանատուները տեղյակ եղե՞լ են, թե՞ չեն եղել։ Մեր ղեկավարներն ասում են՝ մենք չենք իմացել նման բան կլինե՞ր, թե՞ չէր լինի, ասում է՝ մենք ինչ իմանայիք։ Ինչո՞ւ չպեք է իմանային»։
Նորայրն ապրում էր Հրազդանում, ծառայության էր անցել Արմավիրում, հետո տեղափոխվել Գորիս։ Մինչ սեպտեմբերյան մարտերն էլ Նորայրի ծառայությունը հեշտ չի անցել։ Ծանրաբեռնված ռեժիմով դիրքերում է եղել՝ երբեմն, նույնիսկ, զորամաս չգնալով։ «Դիրքերից իջնելուց մեկ օր անց տագնապով բարձրացել են դիրքեր»,-ասում է հարյը և պատմում, որ օգոստոսի 17-ին — 18-ին որդին դիրքերում է եղել իրենց հետ հեռախոսազրույցների ընթացքում տեղեկացրել է, որ իրավիճակը լարված է, թշնամին կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մենք չենք իմացել, որ իրեն էլի հանել են պոստեր։ Դու մի ասա, որ իրեն պոստերից իջեցրել են, հաջորդ օրը էլի հանել են պոստեր, բայց պետք է 7 օր հանգստանար։ Բերել են չաստ ու հաջորդ օրը տագնապով էրեխեքին հանել են պոստեր։ Պատերազմը սկսելուց 10 օր առաջ»։
Նորայրը կոչումով սերժանտ էր, լավ ծառայության համար օգոստոսին մի քանի օրով արձակուրդ են տրամադրել։«Հասել է Երևան աֆիցերը զանգել է իրեն ու հարցրել է, թե ո՞ւր ես հասել, հիմա ես քո տեղը ո՞ւմ ուղարկեմ պոստեր։ Նորայրն էլ ասել է՝ եթե այդպես է չթողեիք, եթե պետք էր, որ մնայի․․․Հինգ օր մնալուց հետո գնաց ու մի անգամից հանել են դիրքեր՝ սեպտեմբերի 1-ին»։
Սեպտեմբերի սկզբին Նորայրը բարձրանում է դիրքեր և այդպես էլ չի իջնում։ Հայրն ու մայրն ապրում են միակ որդու հիշողություններով և հույսով, որ պաշտպանության նախարարությունը գոնե կգտնի ու իրենց կվերադարձնի որդու մեդալները, որոնք ծառայության ընթացքում ստացել էր Նորայրը։
Նորայրի հայրն այժմ մեկ բան է խնդրում․ «Ցանկանում եմ, որ ոչ մեկ նման բան չտեսնի․․․ես մի զավակ ունեի, թող ոչ մի ծնող այս ցավը չտեսնի։ Ես միայն ցանկանում եմ, որ մեր երկրին խաղաղություն լինի, մեր զինվորները գոնե գան հասնեն իրենց ծնողներին, միայն դա եմ ցանկանում, ես Աստծուն միայն դա եմ խնդրում։ Չեմ ցանկանում, որ ոչ մի ծնող նստի այսպես լացի»։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները տեսանյութում՝
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։