2023 թվականի հուլիսից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները՝ նվազագույն դրույք սահմանելով 36000 դրամը՝ ներկայիս 31600 դրամի նկատմամբ: Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախատեսվում նաև կենսաթոշակային քաղաքականության ռեֆորմի շրջանակներում ներդնել նոր գաղափար:
«Կենսաթոշակային տարիք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ունեն կայուն, բավարար եկամուտ կամ կենսապահովություն, կամավորության սկզբունքով կկարողանան 1-2 կամ ավել տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով, յուրաքանչյուր տարվա դիմաց որոշակի տոկոսային հավելման դիմաց սկզբունքով»,- ասաց նախարարը:
Ըստ Մկրտչյանի՝ սա հնարավորություն կտա հատկապես միջինից բարձր աշխատավարձ ստացող կենսաթոշակառուներին պլանավորել իրենց ծերությունն ավելի բարենպաստ պայմաններով:
«Ներկայումս շուրջ 32 հազար կենսաթոշակառու ստանում է ամսական 150 հազար դրամից բարձր աշխատավարձ: Իսկ ավելի քան 9 հազար կենսաթոշակառու ամսական ստանում է 300 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- նշեց նախարարը: Մկրտչյանն ընդգծեց, որ 2023 թվականին նախատեսվում է շարունակել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը: Նախարարի խոսքով՝ ծրագիրը դրական արդյունքներ է արձանագրում: «Մեկնարկի պահից յուրաքանչյուր ամիս աճում է կենսաթոշակային քարտերով ու անկանխիկ շրջանառությունը, շահառուների թիվը, հետվճարի ծավալները:
Եթե հուլիս ամսին անկանխիկ վճարումներով կենսաթոշակառուների և սոցիալական նպաստառուների բանկային քարտերով կանխիկ վճարները զրոյական էին, ապա սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ 1 միլիարդ 400 միլիոն դրամ անկանխիկ շրջանառություն ունենք, որից 1 միլիարդ 200 միլիոնը վերադարձվող է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հոկտեմբերն ամփոփման փուլում է, ակնկալվում է, որ հոկտեմբերի տվյալները ևս աճ արձանագրած կլինեն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: