Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 3-ին կայացած նիստում որոշել է առանց քննության թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:

Ստացվում է՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն անտեսում է դատավորին պատժելու մասին նույն Կարեն Անդրեասյանի դիմումը, որը ներկայացրել էր այն ժամանակ, երբ դեռ նախարար էր:

Ինքը՝ Անդրեասյանը  ԲԴԽ նիստին չէր մասնակցում: Նիստը վարում էր ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը: Մնացական Մարտիրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գնել Մուղնեցյանը հենց նիստի սկզբում միջնորդեց կարճել Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը կամ մերժել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ հիմնվելով ՀՀ «Դատական օրենսգրիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջի վրա, որի համաձայն «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում: Արդարադատության նախարարի միջնորդությունը, նկատենք, ԲԴԽ-ն ստացել է հուլիսի 29-ին:

«Ժամկետը սպառված է, և խորհուրդը իրավասու չէ պարոն Մարտիրոսյանի մասով այս գործընթացը իրականացնել: Խնդրում եմ, որ այս վարույթն ավարտվի կարճմամբ կամ մերժմամբ», -ներկայացրեց փաստաբանը:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը առարկեց՝ վկայակոչելով նույն օրենսգրքի մեկ այլ դրույթ, որի համաձայն «բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով»։

Սանոսյանը հիշեցրեց, որ այս գործով նիստերը ԲԴԽ-ում հետաձգվել են հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանի միջնորդությունների հիման վրա՝ հիվանդության, արձակուրդում լինելու և այլ պատճառաբանություններով:

Այդուհանդերձ, ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց առանց քննության թողնել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դրա քննության համար սահմանված ժամկետն ավարտված լինելու հիմքով։

ԲԴԽ-ի լրատվական ծառայությունից Forrights.am-ին հայտնեցին, որ որոշումը պաշտոնապես կհրապարակվի տասն օրերի ընթացքում:

Մուղնեցյանն ասում է՝ պետք է սպասել որոշման հրապարակմանը, բայց մինչ այն պաշտոնապես կհրապարակվի, վստահ է՝ ԲԴԽ-ի որոշման հիմքը եռամսյա ժամկետի ավարտն է:

«Բարձրագույն դատական խորհուրդն ունի եռամսյա ժամկետ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և այդ եռամսյա ժամկետն ավարտվել էր: Բայց մինչև որոշումը, եկեք եզրահանգումներ չանենք», — Forrights.am-ի հետ զրույցում նշում է փաստաբանը:

Արդարադատության նախարարի պաշտոնում Կարեն Անդրեասյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք էր հանդիսացել ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ գործով վճիռը, որը կայացվել էր 13 տարի առաջ:  Վարդան Ջհանգիրյանը 2009 թվականի մարտի 31-ին Մնացական Մարտիրոսյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

Նախորդ տարի սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստել էր, որ Վարդան Ջհանգիրյանի իրավունքների խախտում է տեղի ունեցել, որից հետո էլ հենց դատավոր Մարտիորսյանի վերաբերյալ վարույթ էր հարուցվել։

ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանը, որը 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո մեծաթիվ տուժողների ներկայացուցիչ էր դատարաններում, պնդում է՝ «Մարտի 1» քննած բոլոր դատավորները պետք է խստորեն պատժվեն

«Մարտի 1-ի գործ քննած դատավորները, այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանը հանցագործություն են կատարել արդարադատության դեմ և ենթակա են խստագույն պատժի», — Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արմեն Խաչատրյանը:

Ավելին, նրա խոսքով, նույն դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթները կարճելը, նրանց պատասխանատվության չենթարկելը ժամանակին իրականացված անարդարության շարունակությունն է:

«Այս պահին դեռևս 60-ից ավելի անձինք արդարացված չեն, այդ մարդկանց կենսագրության մեջ մնում է դատապարտված լինելու փաստը: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս իշխանությունը մարտիմեկյան կոնտեքստով որևէ ուղղությամբ որևէ խնդիր դեռևս չի լուծել, այնինչ հարթակներից բացահայտում էին խոստանում: Ավելին, ամենաբարձր մակարդակով հայտարարում էին, թե գործը բացահայտված է: Ոչ: Քաղբանտարկյալները արդարացված չեն, արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձինք պատժված չեն, իսկ մարտի 1-ի կազմակերպիչներն ու կատարողները քրեական հետապնդման ենթարկված չեն», -ընդգծում է Խաչատրյանը:

Մյուս կողմից, ըստ Խաչատրյանի, աբսուրդ է այն, որ նախարար Կարեն Անդրասյանի ներկայացրած միջնորդությունը առանց քննության է թողնում նույն Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն:

«Դա նշանակում է, որ նախարարը կամք ունեցել է, բայց ԲԴԽ-ն արգելափակել է այդ կամքի իրականացումը: Հայաստանի այսօրվա կյանքում հանդիպող հերթական աբսուրդային փաստն է», -նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest