Հայաստանի պաշտպանության նախարարությունը հեղինակել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է «Ես եմ» ծրագիրը փոխարինել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Հոկտեմբերի 27-ին կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծն ու ուղարկել Ազգային ժողով՝ քննարկման։
Ըստ նախագծի՝ պարտադիր ժամկետային ծառայության մեկնած զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո կարող են պայմանագիր կնքել ու 5 տարի ժամկետով անցնել պայմանագրային ծառայության։ Նրանք այդ տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողի աշխատավարձ կստանան, հնարավորություն կունենան անցնել ատեստավորում և ստանալ հավելավճարներ։
Հինգ տարին լրանալուց հետո պետությունը նրանց 5 մլն դրամ պատվովճար կտրամադրի՝ անկախ նրանից պայմանագրային զինծառայողները ցանկանում են շարունակել ծառայությունը, թե՝ ոչ։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրից ծառայության որևէ փուլում հրաժարվելու դեպքում զինծառայողները կուղարկվեն 24-ամսյա անվճար ծառայության՝ այսինքն, ամբողջ ծառայությունը զրոյացվում է և նրանք պարտավոր են օրենքով սահմանված կարգով անցնել երկու տարվա ծառայությունը։
«Ես եմ» ծրագիրը, որը սահմանում է 3 տարվա ծառայություն տալի էր հնարավորություն զինծառայողին երկու տարին ծառայելուց հետո զորացրվել, եթե ցանկություն չուներ ծառայությունը շարունակելու։ Այս ծրագիրը ներդրվել է 2017 թվականին՝ Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ։ «Ես եմ» ծրաիրն, ըստ Սուրեն Պապիկյանի, արդյունավետ չէ, քանի որ այժմ այս ծրագրով երկու զինծառայող է ծառայում, որոնք զորացրվելու են 2023 թվականի հունվարին, իսկ 2022-23 թթ․ զորակոչի շրջանակներում որևէ մեկը ցանկություն չի հայտնել այս ծրագրով ծառայության անցնել։
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրմամբ պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու ևս մեկ քայլ է արվում։
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյան, սակայն, չի կարծում, որ այս մեկ փոփոխությունը որևէ կերպ բանակը կբարեփոխի՝ առկա բազմաթիվ խնդիրներին զուգահեռ։ «Սա մի չնչին փորձ էլ չէ, կիսափորձ է, որն առանձին վերցված ոչ մի էֆեկտ էլ չի տա»,-ասաց նա»։
Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ բանակը խորը բարեփոխման կարիք ունի, այդ բարեփոխումը ոչ միայն պետք է լուծի ծառայողների քանակի հարցը, պետք է նաև կազմակերպչական ու տեխնոլոգիական խնդիրներ լուծի։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ բանակը չի համապատասխանում այն կենսական նպատակներին, որ ունի հայ ժողովուրդն ու պետությունը։ Կառավարությունը որևէ ոլորտում ոչ միայն արմատական, այլ նաև էական բարեփոխումներ չի արել և կարծես, թե ունակ չէ անել։ Իրենք խոսում են գոյություն ունեցող սխեմաները թեթևակի փոխելով արդյունք ստանալու մասին, բայց արդյունքը կարող է մեկը լինել՝ մեր երկրի պաշտպանունակությունն է։ Դրա համար փոփոխություններ են պետք արտաքին քաղաքականության մեջ, մեզ դրա համար պետք է ՆԱՏՕ-ի հետ մաքսիմալ համագործակցություն, որովհետև աշխարհի էֆեկտիվ բանակները, ՆԱՏՕ-ի բանակներն են»,-ասաց քաղաքագետը։
44-օրյա պատերազմից ու 2021 և 2022 թվականներին Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական Զինուժ ներխուժումներից հետո հայկական առաջնագիծը պատշաճ կահավորած չէ։ Զինվորները որոշ դիրքերում քնում և պատասպարվում են հողե փոսերում, կատարված չեն ինժիներական անհրաժեշտ աշխատանքները։ Քաղաքագետը շեշտեց՝ նախ այս խնդիրները պետք է կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը լուծեն։
«Մեզ պետք է պաշտպանական գծեր կառուցել սահմանի վրա, ոչ թե բահը ձեռքին զինվորները փոս փորեն և պատսպարվում են այդ փոսերի մեջ։ Դրանք հարյուրավոր փոքր-փոքր բարեփոխումներ են, որոնք մեզ պետք է ապահովեն նոր բանակ»։
Սպառազինությունից ու դիրքերի կահավորումից զատ պետք է բանակում բարոյահոգեբանական մթնոլորն առողջացնել՝ միջանձնային խնդիրները բացառելու նպատակով, որոնք երբեմն նաև անդառնալի ելքեր են ունենում։ Արմեն Հովհաննիսյանը նշեց՝ այս խնդիրների պատճառով պայմանագրայինները ժամկետը լրանալուց հետո հրաժարվում են ծառայությունը շարունակել։
«Իմ մտերիմը պատերազմից հետո որոշեց մնալ բանակում, պայմանագիր է կնքել, բայց էլ չի երկարացնում, տարին ավարտվել է՝ որոշել է դուրս գալ։ Իր գլխավոր բացատրությունը հենց կապված էր բարոյահոգեբանական վիճակի հետ, կապված էր բանակի հանդեպ վերաբերմունքի, բանակի ներսում հարաբերությունների հետ։ Մեզ նոր բանակ է պետք, ոչ թե պետք է բանակ բերել մարդկանց, որոնք իդեալներ են, գալու են և արագ հիասթափվեն։ Մնալու են բանակում միայն այն պատճառով, որ եթե գնան, փաստորեն, տուժում են։ Ըստ նախագծի, եթե դու դուրս ես գալիս, առանց փող պետք է երկու տարի ծառայես։ Այսպես բանակ չես կառուցի։ Նույն սպայակազմն է մնացել, նույն արժեքներն են մնացել, նույն օրը «սպանելն» է մնացել, որ ինչպես անենք, որ երկու տարին ավարտվի։ Ես զինվորականներին չեմ մեղադրում, որովհետեև բանակն ապահոված չէ այն ամենով, ինչով պետք է ապահոված լինի, երկորդը՝ չկա բարձր նպատակ, թե ինչու է մեզ բանակ անհրաժեշտ։ Նրա համա՞ր, որ պետությունը զինանշանի ու օրհներգի հետ մեկ տեղ պետք է բանակ ունենա։ Դրա համար չէ, կենսական նպատակներ կան, այդ կենսական նպատակնները նույնիսկ ձևակերպված չէ»,-ասաց քաղաքագետը։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։