Հայաստանի պաշտպանության նախարարությունը լռում է՝ չհրապարակելով տվյալներ, թե Հայաստանի Հանրապետության որքան տարածք են 2021 թվականի մայիսի 12-ից մինչև հիմա օկուպացրել Ադրբեջանի զինված ուժերը: Մինչ Հայաստանի ՊՆ-ն այս տեղեկությունը համարում է պետական ծառայողական գաղտնիք ու մերժում է լրատվամիջոցների հարցումները, իշխող ուժի ներկայացուցիչները հայաստանյան և միջազգային ամբիոններից տարբեր թվեր են հրապարակում:

Դեռևս սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ագրեսիայի երկրորդ օրը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի հարցին, հայտարարել էր, թե 2021-ի մայիսի 12-ից մինչև սեպտեմբերի 14-ը ադրբեջանական զինված ուժերը օկուպացրել են ընդհանուր առմամբ 50 քառակուսի կմ տարածք:

«Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից: Մեր զինված ուժերը աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ: Տեղի է ունեցել ագրեսիա, որը չենք ընդունում: Պետք է դուրս գան մեր տարածքից», -սեպտեմբերի 14-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուշագրավ էր իշխանական խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հրապարակած տվյալը, որը նա ներկայացրել էր Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 18-21-ը տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության ընթացքում: «Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կմ սահմանամերձ տարածք», -խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Արմեն Խաչատրյանը:

Երեկ Ազգային ժողովում ՔՊ-ի մեկ այլ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Գագիկ Մելքոնայնը փորձել է հստակեցնել տվյալների այդ տարբերությունը և հայտարարել, որ վարչապետի ասած 10 քառակուսի կմ-ին էլի տարածքներ են ավելացել: «Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել էր 40 քառակուսի կմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի ժամանակ այդ տարածքները ավելացել են ևս մոտ 60 քառակուսի կմ-ով», -այսօր ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ ԱԺ իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Նա ասել է, որ ադրբեջանական կողմը հենակետեր է գրավել, բայց չի հաշվել՝ որքան դիրք է անցել թշնամու վերահսկողության ներքո: «Ես 7 օր առաջ եղել եմ արևելյան սահմանին և տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները համարյա 80 տոկոսով կատարված են և մեր զորքը գտնվում է նոր դիրքերում: Առաջնագիծը փոխվել է: Նահանջ չի եղել, իրենք հարձակվել են մեր տարածքների վրա և գրավել են: Այդքան զոհ ենք տվել, մինչև վերջ կռվել ենք»,-ընդգծել է իշխանական պատգամավորը:

«Ադրբեջանցիները 100 տեղում նստած են Հայաստանի ինքնիշխան տարածքում, այսինքն՝ առնվազն 100 կետում նրանք ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Ես Ձեզ ավելին ասեմ՝ չգիտեմ էս թիվը պաշտոնապես նշվել է, թե չի նշվել, բայց դա իրականություն է։ Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմը 50 կետում մտել է 50 հայկական դիրք է զավթել, որոնցից 17-ից 19-ը, ինչքանով տեղյակ եմ, 19-ը, հավանաբար, Հանդ, Ներքին Հանդ, Ճակատեն հատվածում, մյուսները Ջերմուկի, Վերին Շորժայի, Վարդենիսի, Կուտականի հատվածներում»,- քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն է իր ունեցած տվյալը հաղորդել «Ազատությանը»:

Ռազմական ոլորտի փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հրապարակած տվյալը՝ 127 քառակուսի կմ, «խելքին մոտ է»: Պատճառը, ըստ Նահապետյանի, մեկն է՝ Խաչատրյանը այդ տվյալը հրապարակում էր այնպիսի միջավայրում, որտեղ ՀԱՊԿ ներկայացուցիչներն էին և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման խումբը եղել էր հայ-ադրբեջանական սահմանին, կատարել ուսումնասիրություններ:

«127 քառակուսի կմ տարածքը իրականությանը ավելի մոտ է, և Ռուսաստանն էլ գիտի՝ Ադրբեջանը ինչ տարածք է վերցրել, որովհետև առնվազն երկու մասնագիտական խումբ է աշխատել սեպտեմբերի 13-14-ի իրադարձություննեից հետո», —Forrights.am-ին ասում է Նահապետյանը:

Միաժամանակ քանի որ վարչապետի ու պատգամավորի հրապարակած տվյալները միմյանցից էականորեն տարբերվում են, ապա Նահապետյանը չի բացառում, որ 127 քառակուսի կմ-ը նույնպես սխալ լինի, և հայկական կողմը ավելի շատ տարածքային կորուստ ունեցած լինի:

«Լավ ինչքա՞ն կարելի է այդքան անլուրջ լինել, ինչպե՞ս կարող է երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ ի դեմս կառավարության ղեկավարի մի թիվ ասի, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ երեք անգամ այդ թիվը ավելացնի: Ախր 5-10 քառակուսի կիլոմետրի տարբերության մասին չէ խոսքը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը իրականությունից հեռու թվեր է ասել, իսկ եթե ավելի պարզ՝ նա պարզապես ստախոս է, ասում է կեղծիք ու դա հրամցնում ժողովրդի», -ասում է Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով, այս հարցում պաշտպանության նախարարության վարքագծին պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ ամեն ինչի մասին չէ, որ ՊՆ-ն կարող է խոսել: «Այդ առումով ՊՆ-ն շատ ավելի անկեղծ ու անաչառ է: Այդ գերատեսչությունը փորձում է տալ իրատեսական պատասխաններ կամ այնպիսի պատասխաններ, որոնցում հաշվի է առնվում գաղտնիության գործոնը: Բայց երբ քաղաքական գործիչները տաֆտալոգիայով են զբաղված, ՊՆ-ն է կրում դրանց պատասխանատվությունը», -նշում է փորձագետը:

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest