«Ապեր 19»․ գրված է սև ժապավենի վրա ու փակցված է Կապանի կենտրոնական փողոցներից մեկում, իսկ հարևանությամբ այն տուն է որտեղ 19 տարի ապրել է Արմեն Գասպարյանը։ Նա սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների մասնակիցների է, զոհվել է Ջերմուկը պաշտպանելիս։ Թշնամու դեմ երկարատև մարտերից հետո Արմենը, երբ հասկացել է, որ արդեն շրջափակման մեջ է՝ վերջին պահին զանգահարել է ծնողներին ու հրաժեշտ տվել։
«Արմենը 13-ի առավոտյան՝ ժամը 8-ին, զանգեց արագ ասաց՝ մա, հեռախոսը տուր պապային, տվեցի պապային, ասաց՝ «պապա, շրջափակման մեջ ենք, քեզ լավ կպահես, հաջող», ասաց ու անջատեց։ Ամբողջ օրը զանգեցի չպատասխանեց»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց մայրը՝ տիկին Նատալիան։
Հոր խոսքով՝ որդին ընտանիքին հրաժեշտ է տվել, երբ գիտակցել է, որ ողջ մնալու տարբերակ չկա։ «Էրեխես էն վերջին պահին է ինձ զանգել, երբ էլ տարբերակ չի ունեցել։ Ասաց պապա, ֆսյո, շրջափակման մեջ եմ, քեզ լավ նայի հաջող։ Գոռացի՝ հեռախոսը մի անջատի, դուրս եմ գալիս, արդեն անջատել էր»,-ասաց հայրը՝ Արկադի Գասպարյանը։
Արմենի հայրն այս զանգից հետո անմիջապես մեկնել է Ջերմուկ, սակայն, որդու մասին որևէ տեղեկություն չի կարողացել իմանալ։ Ծնողները նշում են, որ հրամանատարական կազմը իրենց որդուց անտեղյակ են եղել։ Հայրը գնացել և տեսել է, որ թշնամին հարվածներ է հասցրել Ջերմուկի զորմասին։ «Ամուսինս խոսել է բոլոր հրամանատարների հետ, բայց կոնկրետ բան չեն ասել, իրենք էլ չգիտեին, թե ինչ է կատարվում։ Երկար ժամանակ էրեխուն էինք փնտրում, չէինք կարողանում գտնել»,-ասաց մայրը։
Ծնողները կարծում են, որ իրենց որդին զոհվել է սեպտեմբերի 13-ին, իրենց զանգելուց մոտ մեկ ժամ անց։ Մինչ այդ՝ ամբողջ գիշեր, երբ թշնամին սկսել է ինտեսիվ հարձակումները հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Արմենը և ծնողները պարբերաբար խոսել են։ «Գիշերվա ընթացքում երկու-երեք անգամ խոսել ենք հետը, ասում էր, որ լարված իրավիճակ է, բայց չէի պատկերացնում, որ այս աստիճանի»,-ասաց մայրը։
Հայրը դեռ գիշերն է ցանկացել օգնության հասնել միակ որդուն, սակայն, Արմենը հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով, որ հոր կյանքին կարող է վտանգ սպառնալ, նրան չի թողել Կապանից Ջերմուկ հասնել։ «Ասեցի՝ Ապեր գալիս եմ, չթողեց, պապա ոտքդ առաջ չգցես»,-ասաց հայրը։
Արմենը Կապան քաղաքից է։ Ծառայությունից անցել էր 1 մեկ տարի 2 ամիս։ Ծնողները տեղեկություններ չունեն, թե իրենց որդին ինչ հանգամանքերում է պարզտերազմել ու ինչպես է զոհվել։ Նշեցին, որ դիրքում որտեղ Արմենն է կռվել եղել են վեց ժամկետային զինծառայող և վեց պայմանագրային ծառայող։ Արմենի ծնողները տեղեկություններ չունեն, երբ թշնամին հարձակվել է՝ արդյո՞ք հրամանատարական անձնակազմից զինվորների կողքին մարդ եղել է։ «Արմենն ասաց, որ մենակ ենք, վեց հոգով ենք։ Օգնություն չի եղել, չեն կարողացել բարձրանալ դիրքեր»,-նշեցին ծնողները։
Արմեն Գասպարյանը զոհվել է այն նույն դիրքում որտեղ զոհվել է նաև Նշան Պետրոսյանը։ Նշանի քույրը՝ Աննա Պետրոսյանը, Faorrights.am-ին նախորդ շաբաթ հայտնել էր, որ եղբորը և մյուս զինվորներին օգնություն չի եղել, երբ նրանք շրջափակման մեջ են հայտնվել, իսկ հրամանատարությունից որդեկորույս ընտանիքին հայտնել էին, որ «չեն կարողացել»։
Ջերմուկում նմանատիպ պատասխան են տվել նաև Արմենի հորը։ Հրամանատարն Արկադի Գասպարյանին փոխանցել է, որ «լարված իրավիճակ է եղել, չենք կարողացել բարձրանալ դիրքեր»։ Փաստորեն, Զինված ուժերի ներկայացուցիչները բավարար են համարում զոհվածների ընտանիքներին միայն հայտնել իրենց անկարողության մասին ու վերջ։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրենք էլ այդ անելանելի իրավիճակում զինվորի կողքին չեն եղել, ինչո՞ւ են 19, 20 տարեկան տղաներին միայնակ թողնում թշնամու ԱԹՍ-ների հետ։
Արմենի հայրն ու մայրը նշում են, իրենց որդին ստեղծված իրավիճակում կռվել է մինչև վերջ։ «Վերջում երեք հոգով են մնացել դիրքերում։ Արմենս մինչև վերջ կռվել է, մինչև վերջ, մինչև վերջին պատրոնը։ Մի ժամ բոյ է տվել»,-ասաց մայրը նշելով, որ որդին հենց այդ ժամանակ էլ զանգահարել ու հրաժեշտ է տվել ընտանիքին։
Արմենին դին թշնամին հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 20-ին։ ԴՆԹ-ով հաստատվել է այս ամսվա սկզբին։ Ծնողներին միակ որդու կորստյան վիշտը թույլ չի տալիս առայժմ առավել հանգամանալից հետաքրքրվել, թե իրենց որդին ում անգործության արդյունքում է հայտնվել շրջափակման մեջ։
19-ամյա Արմենը բազմաթիվ նպատակներ ուներ, որոնք ցանկանում էր իրագործել ծառայությունից հետո։ Ծնողները նշում են, որ որդին ընկերուհի ուներ, ցանկանում էին ամուսանցել բանակից վերադառնալուց հետո։
Արմենի ընտանիքն այժմ ապրում է հիշողություններով։ Միակ որդու մարտական ուղին հիշարժան դարձնելու նպատակով հայրը որոշել է շենքի բակում հիշատակի պուրակ բացել։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։