Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրեց թվեր, որոնց շատերն էին սպասում։
Նախարարն ասաց, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննություններն ավարտվել են, նույնականացվել է 201 մարմին։
Նախարարի հնչեցրած թիվը էլ ավելի խճճեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեր կորուստների վիճակագրական պատկերը։
Անցել է մեկ ամսից ավելի, բայց որևէ հստակ տեղեկություն չունենք զոհերի ու անհայտ կորածների թվաքանակի վերաբերյալ։
Հայտնի է, որ 133 մարմին ադրբեջանցիներն են փոխանցել հայկական կողմին։ Վարչապետ Փաշինյանը հնչեցրել է ավելի քան 210 թիվը։ Այդքան զոհեր և անհայտ կորածներ ունե նք, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Նույն թիվը նշում է նախարար Անահիտ Ավանեսյանը, և ակնհայտ է, որ այն համաձայնեցված է վարչապետի հետ։
Այդ թիվը աճի միտում ունի։ Մինչ օրս որոնողական աշխատանքները մարտերի տարածքում դեռ չեն սկսվել։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է դրանց։ Մեր տղաների աճյունները գտնվում են միջդիրքային գոտիներում։
40 օր է անցել մարտական գործողություններից, և ծնողները դեռ սպասում են իրենց երեխաներին։
Քան՞ի անհայտ կորած կա այս պահի դրությամբ։ ՊՆ-ն այս հարցին չի պատասխանում, իսկ վարչապետ Փաշինյանը անհասկանալի թվեր է հրապարակում։ Հոկտեմբերի 19-ին թվիթերյան գրառմամբ նշեց, որ 29 անհետ կորած ունենք սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Մի քանի օր առաջ, Աստանայում նա ասել էր, որ անհետ կորած են 28 զինծառայող և 2 խաղաղ բնակիչ։ Ինչ եղավ մեկը, գտնվեց՞։ Ինչո՞ւ 5 օրից թվերը նվազեցին։ Հարցերի պատասխանները չկան։
Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացումը ևս ավարտվել է, եղել են մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել ոչ Հայաստանում, ոչ այլ երկրներում։
Հայտնի է, որ զոհվածների հարազատների մի մասը չի ցանկանում ընդունել փորձաքննությունների արդյունքները, ճանաչել իրենց հարազատներին և տուն տանել այն, ինչ մնացել է տղաներից։ Թե քանի այդպիսի մարմին կա, նախարարը չասաց։ Ըստ ոչ պաշտոնապես տարածվող տեղեկությունների, մոտ 100 «անտեր» դիակ կա այս պահի դրությամբ, կամ մի փոքր պակաս։ Դրանք շարունակում են մնալ դիահերձարանների նկուղներում, պոլիէթիլենե տոպրակներում պարփակված։
Ի՞նչ է լինելու այս մարմինների հետ, որքա՞ն ժամանակ են դրանք մնալու «անթաղ»։
Forrights.am-ի հարցին նախարարի խոսնակը պատասխանեց․ «Նախարարը միշտ ասել է, որ սա նուրբ հուզական թեմա է, կսպասենք, այնքան, որքան պետք է, որ ծնողները որոշում կայացնեն»։
44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում զոհված Լևոն Գալստյանի մայրը՝ Արմինե Մնացականյանը, հավատ չունի նախարարի հնչեցրած թվաբանությանը։ «Սեպտեմբերին զոհվածների մարմինները խոշտանգված են եղել, բայց ճանաչելի են, որովհետև նրանց շուտ են գտել։ Բայց արդյո՞ք 200 մարմին է ընդամենը, դա է հարցը։ Ես նախարարի ոչ մի ասածի չեմ հավատում։ 2020 թվի պատերազմից հետո, փետրվարին մեզ կառավարության շենքում ասեցին, որ նույնականացումը վերջացել է։ Մեր մեջ հույս արթնացավ, որ մեր երեխաները ողջ են, հետո պարզվեց, որ շատերի նույնականացումը վաղուց ավարտվել է, բայց մեզ չէին ասել», — վերհիշում է Արմինեն իր անցած դժոխային շրջանը։
Նրա որդու մարմնի ԴՆԹ փորձաքննությունն ավարտել էին հունվարին, սակայն արդյունքների մասին իրեն հայտնել էին միայն 5 ամիս անց։
Արմինեն պատահական է իմացել, որ իր որդու մարմինը գտել և նույնականացրել են։ ։ «ՊՆ-ի շենքը գրավել էինք ծնողներով, նրանցից մեկին զանգեցին հաջորդ օրը, ասեցին, որ իր երեխայի թղթերը գա վերցնի։ Նա գնացել էր, ու թղթերը թերթելիս իմ տղայի անունն էլ էր նկատել։ Այդպես իմացա, որ Լևոնիս փորձաքննությունն արել են»։
Արմինե Մնացականյանը չի հավատացել փորձաքննության արդյունքներին։ Որդու մասունքները տարել է Վրաստան, հետո Գերմանիա, և նոր միայն, երբ երրորդ փորաձքննությունն էլ է ավարտվել դրական եզրակացությամբ, հուղարկավորել է որդուն։ «Ընդհանրական մարմին էր, այնքան ուշ են տվել ինձ, որ մասունքի է վերածվել։ Եթե շուտ տային, գուցեև ես ճանաչեի տղայիս, էլ էդքան չտանջեի, տանեի այստեղ, այնտեղ», — ասում է մայրը։
Արմինե Մնացականյանը զոհվածների ծնողների հետ լայն շփում ունի, նա մի քանի դատական պրոցեսի է մասնակցում որպես տուժողի իրավահաւջորդ։ Համոզված է՝ զոհվածների ու անհետ կորածների ծնողները չեն հավատում ոչ առողջապահության նախարարին, ոչ Նիկոլ Փաշինյանին, և մեղավոր են դրանում անփույթ անտարբեր չինովնիկները, որոնք բազմաթիվ սխալներ են գործել, շփոթեցնելով ծնողներին, նպաստելով, որ նրանց հավատը նույնականացման գործընթացի հանդեպ ամբողջությամբ վերանա։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ծնողին տվել են մարմին, հետո ասել են, որ դա իր երեխայինը չի։
«Պատահել է նաև, որ ծնողին մարմին են տվել, այն ամփոփվել է հողի մեջ, հետո ասել են՝ ինքը չի։ Կամ ծնողը գնացել է, Գորիսում տեսել է ամբողջական մարմին, բայց հետո կես մարմին են տվել ձեռքը։ Դրա համար էլ մարդիկ ոչ մի բանի չեն հավատում։ Եռաբլուրում այսօր էլ կան մարդիկ, որ ասում են՝ իմ տղան գալու է»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: