Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ կալանավորել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։ Այս մասին հայտնել է մեղադրյալի պաշտպան Գարիկ Գալիկյանը։ Փաստաբանի խոսքով՝ Թ․Հ․-ն մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Գալիկյանի խոսքով՝ իր պաշտպանյակին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նույնպես կալանավորված է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Ըստ գործի նյութերի՝ դատավորը գրավի դիմաց ազատ է արձակել քրեական հեղինակություն համարվող, Ֆազ մականունով Սերգեյ Գրիգորյանին։
Քրեական այս գործով կալանքի տակ է հայտնվել նաև Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա ևս մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: