Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը նրա պաշտպանները պատրաստվում են բողոքարկել:
«Իհարկե, բողոքարկելու ենք: Այս պահին վերաքննիչ բողոք ենք պատրաստում», -Forrights.am-ին տեղեկացնում է Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 17-ին Ազգային անվտանգության ծառայության ծառայողները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել Էրիկ Ալեքսանյանին։ Իսկ ավելի ուշ՝ հոկտեմբերի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Արշակ Մաթևոսյան-հեղ.) կալանավորվել էր:
Փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորվել է։ Նրանք երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
«Մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ Էրիկ Ալեքսանյանը իրացրել է օրենսդրությամբ իրեն ընձեռված լիազորությունները, այն է՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: Այսինքն՝ պարոն Ալեքսանյանը կատարել է իր մասնագիտական գործունեությունը: Միջնորդություն ներկայացնելը փաստաբանի ոչ միայն իրավունքն է, այլ պարտականությունն է իր վստահորդի հանդեպ», -մեզ հետ զրույցում ասում է փաստբան Գայանե Պապոյանը:
Դատավորի և փաստաբանի մեղադրանքն առնչվում է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին կալանքից ազատ արձակելուն՝ բավարարելով նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը: ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, իսկ փաստաբանին՝ դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Ի դեպ, կալանավորված դատավորը որոշ ժամանակ առաջ ընդդիմադիր հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացրել, որը 4 ամիս առաջ հենց դատարանի դահլիճում մահացել էր:
«Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն, ինչպես խոստացել էին։ Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից»,- կալանավորելու մասին որոշումը մեկնաբանելիս հայտարարել էր դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Այս գործի շրջանակներում այսօր հայտնի դարձավ, որ կալանավորվել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: