2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ անփոփոխ։ Նա դեռ կոմայի մեջ է՝ կյանքի և մահվան արանքում։ Անցել է երեք տարուց ավելի։
Հայրը՝ Սամվել Մխիթարյանը ասում է, որ 1 տարի, 8 ամիս որդուն պահել է տանը։ Խնամել են ինքն ու կինը՝ կերակրել են «ստոմայով», դեղեր են տվել ու սպասել են, բայց որդու վիճակում որևէ փոփոխություն չեն տեսել։
Հիմա փոխգնդապետը «Զինվորի տուն» հաստատությունում է, Միքայելյան ինստիտուտի շենքում։
«Հիմա լավ է, ուրիշ բան՝ տանը, ուրիշ բան է բժիշկների հսկողությա ն տակ լինելը։ Ավելի հանգիստ ենք», — ասում է հայրը։
2-3 օրը մեկ նա, կամ ընտանիքի մյուս անդամները Գյումրիից հասնում են Երևան, Արային տեսնելու։ «Նա առողջ է, օրգանիզմը, սիրտը առողջ են, ուղղակի գիտակցություն չկա, ոչ մի բան չի փոխվում։ Սպասում ենք, իհարկե, որ մի օր էլ կարթնանա, բայց մի տեսակ, ոնց որ էլ չպատկերացնենք», — ասում է հայրը։
Ամբաստանյալի ընտանիքը նրան մեծ գումար է առաջարկել որդուն բուժելու համար՝ մի քանի հազար դոլար, սակայն Սամվել Մխիթարյանը չի հաշտվել, չի համաձայնվել ընդունել գումարը։
Օրերս փոխգնդապետի հայրը տհաճ նորություն է իմացել՝ որդու զինվորական ընկերներին, որոնք այն ճակատագրական օրը, Եղեգնափորի ռեստորանում որդու հետ են եղել և պատմել են քննիչներին իրենց տեսածի մասին, կրկին ուզում են մեղադրել սուտ մատնություն տալու համար՝ արդեն երկրորդ անգամ։
Պատմությունն արտառոց է։ Սկզբում, դեպքից անմիջապես հետո փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առիթով մեղադրանք առաջադրվեց նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի (Տ․ Սարգսյանը ներկայում ՔՊ աշխատակազմի ղեկավարն է) օգնական Հարություն Գրիգորյանին՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նա հիմա ամբաստանյալի աթոռին է։ Հետո՝ հոկտեմբերին, դեպքից մեկ ամիս անց, խմբի կազմում փոխգնդապետի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք առաջադրեցին եւ կալանավորեցին Հարությունի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին։ Նոյեմբերին արդեն քննիչները որոշեցին, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի՝ դեպքի վայրում լինելու վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ տվյալներ կան, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել:
Փոխգնդապետի ընկերները մեղադրվեցին սուտ մատնության մեջ։ Հետագայում քննիչի որոշմամբ Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, նույն որոշմամբ դադարեցվեց նաև վարույթը զինվորականների դեմ, սակայն Զավեն Գրիգորյանի պաշտպանը բողոք ներկայացրեց ընդդեմ քննիչի որոշման, որն էլ բավարարվեց։ Սա նշանակում է, որ զինվորականները կրկին հետապնդման կենթարկվեն։
Դատական գործընթացները Արա Մխիթարյանի գործով կարծես թե մոտենում են ավարտին։ Դատավճիռը փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով արդեն հնչել է՝ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղավոր է ճանաչվել մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։
Դատավճռից դժգոհ են և տուժողը, և ամբաստանյալը։ Վերջինս դիմել է վերաքննիչ դատարան, համարելով, որ դատարանը պետք է կիրառեր հոդվածի ոչ թե երկորդ, այլ ավելի մեղմ՝ առաջին մասը։ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի վճիռը թողել է անփոփոխ։
Հարություն Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռ չգիտի, արդյոք ներկայացնելու է վճռաբեկ բողոք, թե ոչ։ «Պետք է քննարկենք պաշտպանյալիս հետ, բայց, կարծում եմ՝ չենք բողոքի, քանի որ հաշվի առնելով, որ նա արդեն երեք տարի նստած է, պայմանական վաղաժամկետով դուրս գալու ժամանակն է արդեն գալիս», — ասաց փաստաբանը։
Սամվել Մխիթարյանը կարծում է, որ դատարանի սահմանած պատիժը՝ հակառակը՝ մեղմ է։
«Լավ, գլուխ ջարդելու համար 5 տարի են տալիս, մի հասարակ գողության համար էլ են 5 տալիս։ Դա ճի՞շտ ա», — ասում է հայրը։
Դատարանը, պատիժը նշանակելիս, հաշվի է առել այն հանգամանքը, որ Հարություն Գրիգորյանը նախկինում դատված չի եղել, զղջացել է կատարվածի համար, նաև դրական բնութագրերը, տվել են նախկին մարզպետի օգնականին մարզպետարանի, «Էլցանցի», դպրոցի աշխատղները։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: