ԵԽԽՎ 47 պատգամավորներ համատեղ գրավոր հայտարարությամբ պահանջել են ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ գերիների անհապաղ հայրենադարձում։
«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը. Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերում՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Կան խոշտանգումների սարսափելի փաստեր, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի ապացույցներ» ,- ասված է հայտարարությունում։
Խտագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ 47 պատգամավորները նաև շեշտել են՝ կոպտորեն խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, միջազգային մարդասիրական իրավունքը և Ադրբեջանի անդամակցության պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև:
«Մենք նաև դատապարտում ենք ռազմագերիների և գերեվարված հայերի դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքն Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնց վերաբերյալ տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում», — հայտարարել են պատգամավորները՝ կոչ անելով Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ կերպով ներգրավվել բանակցային գործընթացում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: