Մոտենում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության 23-րդ տարելիցը։ Ինձ շատ հետաքրքիր է ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են անդրադառնալու մեր պետականության, մեր ինքնիշխանության դեմ կատարված այդ սահմռկեցուցիչ ակտին, ի՞նչ են ասելու 2019թ-ի դեկտեմբերի 18–ին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ինձ հասցեագրված նամակում մեջբերված հետևյալ տողերի մասին․«հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության»: Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր նախկին դատախազի սույն որոշումը համաձայնեցված էր ՀՀ վարչապետի հետ։ Այսինքն, ըստ այս տողերի նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալու որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու ամեն ինչ կանի՝ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։
Հիշեցնեմ, որ, չնայած նախկին դատախազն իր նամակում գրել էր ոչ թե Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի և մյուս 6 անձերի դեմ կատարված ահաբեկչության, այլ․ «ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության», այդպես էլ ՀՀ պետությունն իշխանությունների կողմից չճանաչվեց որպես տուժող կողմ, որի մասին 2020թ․ հունվարին դիմել էի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ստացել էի նամակ, որում հիմնավորվել է, թե ինչու ՀՀ պետությունը չի կարող տուժող համարվել։ Ստացվում է, որ այդ սարսափելի պետական մասշտաբի ահաբեկչությունը միայն զոհվածների ընտանիքներին է վերաբերվում, որովհետև դատարանը մեզ է միայն տուժող ճանաչել։
Հիմա ունենք ՀՀ նոր դատախազ, արդյո՞ք ինքն ասելիք է ունենալու այս տարվա հոկտեմբերի 27-ին, տեսնենք։ Ամեն տարի հոկտեմբերի 27-ին դատարանի կողմից տուժողներ ճանաչվածներիս հրավիրում են ԱԺ այգում տեղադրված Հրաչյա Քոչարի հզոր քանդակի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը, որին վերջին անգամ մասնակցել եմ ոճրագործութան 20-րդ տարելիցին։ Այդ անիմաստ ծաղկադրման արարողությունը վաղուց սպառել է իրեն, այլևս չեմ մասնակցելու ու ավելի գործուն քայլեր եմ ակնկալում հատկապես հիմա, երբ մեր պետականության գլխին նորից ամպեր են կուտակվում և այդ շատ վտանգավոր ամպերում մեր թշնամիների կողմից նորից Մեղրին է, Զանգեզուրի միջանցք անվանումով։ Կարծում եմ ժամանակն է, որ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից քննության տանելու մասին ՀՀ դատախազության 2019 թ․ դեկտեմբերին կայացրած որոշումը նոր դատախազը լինի վճռական, վերջապես սկսի ու նոր թափ և բովանդակություն հաղորդի այդ կարևոր գործին։
Անահիտ Բախշյան, ՀՀ քաղաքացի
18․10․2022թ․
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: