Պաշտպանության նախարարությունը հայտարարել է օրենսդրական նոր փաթեթի մասին, որով եռամսյա հավաքները փոխարինվելու են 25-օրյա հավաքներով։

Նոր կարգավորումները սահմանվելու են  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխված օրենքներով, որոնք կդրվեն հանրային քննարկման։

Ըստ այդմ բոլոր զինապարտ քաղաքացիները պարտավոր են տարին մեկ մասնակցել հավաքների։ Իրենք կարող են ընտրել հավաքների ժամանակահատվածը։ Հիմնական ծառայությունը տևելու է 21 օր՝ 7 օր պատրաստություն, 14 օր մարտական հերթապահություն, և 4 օր՝ կազմակերպական աշխատանքի համար։

Անցնող հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու են անցնում հավաքների նոր կարգի․ «Մարդիկ աշխատում են, որի հետ կապված խնդիր է լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն, և սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են՝ աշխատավարձ են ստանում, բայց հետագայում եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ»։

Փաստորեն, 25-օրյա հավաքների մասնակիցների համար նյութական խրախուսումը չի սահմանվելու։

Արդեն կան ոչ պաշտոնական հաշվարկներ, թե յուրաքանչյուր պահի մարտական հավաքի մեջ քանի անձ է ներգրավված լինելու։ Ըստ հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, խոսքը հսկայական թվաքանակի մասին է։ Նա հաշվել է, որ Հայաստանում ներկայում զինապարտ է մոտ 400-600 հազար քաղաքացի։ Եթե բոլոր նրանք տարին մեկ մեկնեն 25-օրյա հավաքի, ապա յուրաքանչյուր պահի մարտական հավաքի մեջ է գտնվելու 30-40 հազար անձ։

Ռազմական փորձագետ, իրավաբան Մհեր Հակոբյանը արդարության խնդիր է տեսնում, քանի որ  ունենում ենք մի իրավիճակ, երբ տղամարդկանց մի մասը ազատվում են ծառայությունից, իսկ մյուսների համար 2 տարվա պարտադիր զինծառայութունը դառնում է ավելի քան 4 տարի՝ 35 տարի շարունակ տարեկան 25 օր՝ 875 լրացուցիչ օր:

«Ի՞նչ է ստացվում, մեկը իր կյանքից 4 + տարի հանի, որից 2 տարին՝ կոնկրետ վտանգի մեջ անցկացնի, իսկ մյուսը, ասենք, ողնաշարի թեթևակի ծռությամբ կամ ընտանեկան հիմքերի բերումով ազատվի ծառայությունից և… վայելի կյանքը: Արդար չէ։ Իսկ եթե մի բան ներքին արդարության խնդիր ունի, կենսունակ չի լինիի և կոռուպցիայի բուն կդառնա։ Թող գոնե նորմ սահմանեն, որ այս ամենը չանցած անձը պետական պաշտոնական առաջխաղացում ունենալ չի կարողանա, օրինակ՝ վարչության պետ և ավել դառնալ, ինչպես նաև քաղաքական պաշտոններ զբաղեցնել չի կարողանա: Դա գոնե մասնակի արդար կլինի»:

Forrights.am-ը թեմայի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Նա գտնում է, որ ժամկետները, որոնք նախանշված են՝ 7 օրյա պատրաստություն, 14 օր՝ մարտական հերթապահություն և 4 ՝ կազմակերպական աշխատանքի համար, բավական չեն, դրանք պետք է երկարացնել։

«Հավաքների կանչված ՀՀ զինապարտ քաղաքացիները նաև պետք է մարտական հերթապահություն իրականացնեն սահմանում։ Ես ինքս սահմանում ծառայել եմ։ Երբ ուսումնական զորամասում զինծառայողը 5 ամիս ստանում էր որոշակի գիտելիքներ, հետո գալիս էր զորամաս, որը մարտական հերթապահություն էր իրականացնում, նա առնվազն 1-1,5 կես ամիս էլ պատրաստվում էր, մինչև որ նրան վստահվում էր տարածք, որում  նա պահպանություն  էր իրականացնում, որից հետո միայն  կարող էր իրականացնել պաշտպանություն, այսինքն, մասնակցել ռազմական գործողությունների։ Իսկ երկու շաբաթում հնարավոր չի այդ ամենը կատարել»։

Հայկ Նահապետյանը գտնում է, որ այն քաղաքացիները, որոնք չունեն փորձ գիտելիք, ովքեր չեն պահել սահման, չպետք է ուղարկվեն մարտական հերթապահության։ «Ովքեր որ ծառայել են, նրանց գիտելիքը կարելի է երկու շաբաթում թարմացնել, որից հետո նրանք կարող են մարտական հերթապահություն իրականացնել, բայց քաղաքացին , որը 5, կամ 10 տարի առաջ է զորացրվել, արդյո՞ք նրա ֆիզիկական վիճակը բավարար է , արդյո՞ք նա բարդություններ չի ունեցել այդ ընթացքում առողջության հետ կապված, այն զենքի, որը տիրապետել է, կրկի՞ն տիրապետում է, կարո՞ղ է վերհիշել,  այս ամենը պետք է ստուգվի, որից հետո միայն նրան դիքր վստահվի։ Բայց նրանք, ովքեր չեն ունեցել աղերս մարտական հերթապահության հետ, կամ զենքի չեն տիրապետում, կամ կաննոները չգիտեն,  կամ մոռացել են, նրանց շատ սխալ է հանել սահման։ Ես սկզբունքորեն դեմ եմ այդ մոտեցմանը։ Պատրաստվածության համար նախանշված ժամկետները պետք է շեշտակի երկարացնել»։

Նման գլոբալ փոփոխություն կատարելու համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ուսումնասիրել Իսրայելի փորձը, որի զինծառայողների մեծ մասը իրականում մարտական գործողությունների մեջ և շփման գծում են գտնվում, նաև Շվեյցարիայի օրինակը՝ ռեզերվի պատրաստման, ատեստավորման առումով։ Մեծամտությունն ու արկածախնդրությունը մեզ վրա թանկ են նստելու», — ասում է Հայկ Նահապետյանը։ Նա նաև անթուլատրելի է համարում հավաքների մասնակիցներին նյութական փոխհատուցում չվճարելը։

«Դա առնվազն մարդու իրավունքների խախտում է, եթե անձին կտրում են իր մասնագիտական աշխատանքից, որով որ  նա գումար է վաստակում, և դրա դիմաց չեն վճարում։ Մեզ մոտ աշխատանքային օրենքները միջազգային կոնվենցիաների վրա են հիմնված։ Կարծում եմ, որ ամենակարևորը մարդկանց մոտ մոտիվացիոն դաշտ ստեղծելն է։ Մարդը երկիր պաշտպանելու բարձր մոտիվացիա պետք է ունենա, ստիպողաբար մարդկանց չպետք է տանեն հայրենիք պաշտպանելու», — ասում է փորձագետը։

2018 թվականի հեղափոխությունից հետո եռամսյա առաջին զորահավաքները սկսեցին անցկացվել 2021-ի օգոստոսի 25-ից: Երկրորդ անգամ հավաքների անցկացման մասին հայտարարվեց արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ 2022-ի հունիսի 23-ին:

Հենց առաջին իսկ հավաքների ժամանակ ի հայտ եկան խնդիրներ, որոնք կապված էին ոչ բավարար կարգուկանոնի և բուժզննման հետ։

2021 թվականին ընթացող զորահավաքի ժամանակ՝ սեպտեմբերին,  հայտնի դարձավ, պահեստազորի եռամսյա հավաքների մասնակից , 43-ամյա Մկրտիչ Հովակիմյանի մահվան մասին, որը մահացել է Սյունիքի դիրքերից մեկում ծառայակցի արձակած գնդակից:

Մեկ տարի անց, 2022-ի օգոստոսի 4-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային, 44-ամյա Ատոմ Ռազմիկի Հարությունյանը։

5 օր անց՝ օգոստոսի 9-ին գրանցվեց ևս մեկ մահ՝ Սևանա լճում լողալիս շնչահեղձ էր եղել Ազատ Մ.-ն, որ Շիրակի մարզից էր զորակոչվել: Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները անոնիմ  բողոքներ էին ստանում հավաքների մասնակիցներից։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հոկտեմբերի 13-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց մի շարք խախտումներ՝ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը պահեստազորում հաշվառված անձանց տրամադրվում է կարգի խախտմամբ, վերջիններս չեն ենթարկվում բժշկական հետազոտությունների,  հավաքներին ներգրավվող անձանց ընտանեկան դրությունը, ընտանիքում հաշմանդամի առկայությունը, անձի միայնակ կերակրող լինելու փաստը, և այլն։

Առանց ուղղելու այս թերությունները, կառավարությունը, փաստորեն, պատրաստվում է նոր կարգ սահմանել, որը ենթադրում է ավելի ինտենսիվ հավաքներ, զինապարտների ավելի լայն ընդգրկմամբ։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest