Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդությունը Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու մասին:

Մինչ փաստաբանին կալանավորել-չկալանավորելու հարցը կլուծի դատարանը, նրա ներկայացուցիչ փաստաբանները հայտարարում են փաստաբանին բռնության ենթարկելու, նրան անարժանապատիվ ձևով բերման ենթարկելու մասին:

«Էրիկ Ալեքսանյանը երեկ դուրս է եկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի շենքից և բակում էլ հենց ԱԱԾ ծառայողների կատարմամբ տեղի է ունեցել մասկի շոու. ԱԱԾ-ի մեքենաներ են եկել կանգնել, որոնց միջից դուրս են եկել դիմակավորված բազմաթիվ անձինք, որոնք գոռգոռալով, Ալեքսանյանին գետնին տապալելով, բիրտ ուժ կիրառելով ձեռնաշղթաներ են հագցրել ու տեղափոխել ԱԱԾ», -Forrights.am-ին կատարվածը ներկայացրել է Ալեքսանյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Ժիրայր Ղարագյոզյանը:

Փաստաբանը շեշտում է՝ իր գործընկերոջ նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, որին Ալեքսանյանը որևէ դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, ԱԱԾ ծառայողներին ասվել է, որ Ալեքսանյանը չի խոչընդոտի վարույթն իրականացնող մարմնի գործին, կարող է իրենց ասած պահին ներկայանալ ԱԱԾ քննչական վարչություն, սակայն միևնույն է՝ ըստ Ղարագյոզյանի, Էրիկ Ալեքսանյանին ուժի ցուցադրությամբ տեղափոխել են ԱԱԾ և ձերբակալել:

Հոկտեմբերի 17-ին Ալեքսանյանի հետ միասին ձերբակալվել էր նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Ավելի ուշ պաշտոնապես հաղորդվել էր, որ նրանք երկուսն էլ նույն վարույթի շրջանակներում են ձերբակալվել:

Իսկ վարույթը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը»։ Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել օժանդակության հատկանիշներով։ Բանն այն է, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Սա ԱԱԾ-ն դիտել է օժանդակություն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ կայացնելու ապօրինի դատական ակտ: Սակայն Էրիկ Ալեքսանյանի փաստաբանները պնդում են՝ փաստաբան Ալեքսանյանն իրականացրել է իր դատավարական իրավունքը՝ ներկայացնելով միջնորդություն իր պաշտպանյալի վերաբերյալ:

«Փաստաբանը օգտվել է իր դատավարական իրավունքից և բնականաբար, միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի կալանքը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ», -հայտարարել է Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը:

«Այդտեղ քրեական գործ չկա, իրավաբանություն չկա, օդում կախված լուրերի հիման վրա վարույթ է հարուցվել», -իր հերթին քրեական գործը բնորոշում է Ժիրայր Ղարագյոզյանը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ալեքսանյանին գաղտնալսել են, ինչի հիման վրա էլ ԱԱԾ-ն վարույթ է հարուցել, Ղարագյոզյանը արձագանքում է. «Մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ նախաքննության գաղտնիության խնդիր կա: Բայց կարող եմ ասել, որ հիմնավոր որևէ փաստ չկա մեղադրանքի հիմքում»:

Նա մեզ հետ զրույցում պնդում է՝ Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելը, նրա նկատմամբ եղադրանք առաջադրելը և հնարավոր կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի: «Էրիկ Ալեքսանյանը բազմաթիվ քրեական գործերով իրականացրել է նախկին պաշտոնյաների, նախկին իշխանության ներկայացուցիչների պաշտպանությունը, հայտնի է իշխանություններին, իրավապահ համակարգին ուղղված իր սուր քննադատություններով և որպես ոսկոր կանգնած է եղել շատերի կոկորդին: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական ռեպրեսիա, լռեցնելու միջոց այն փաստաբանին, որը բարձրաձայնել է արդարադատության ոլորտի սխալների մասին», -ասում է փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը:

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը Forrights.am-ին փոխանցել է, որ ՓՊ նախագահը երեկ հանդիպել է Էրիկ Ալեքսանյանի հետ: «Փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ամբողջ ընթացքը և օգնության կարիքի դեպքում աջակցություն կցուցաբերի», -ասել է նա:

Հասմիկ Համբարձումյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest