Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը, այսօր Երևանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը՝ շեշտելով՝ անհրաժեշտ է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն անհապաղ վերադառնան ելման դիրքեր։
Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը: Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը այդ հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Միաժամանակ, վարչապետը շեշտել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը:
«ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին»
Ընդգծելով հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում՝ Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների հարուստ օրակարգը:
Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:
Դեյվիդ Փրայսը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը միտված հետևողական քայլերը:
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից ուղիղ մեկ ամիս անց Երևան է ժամանել ամերիկացի կոնգրեսականների մեկ այլ պատվիրակություն։
Երևանում չորս կոնգրեսականներն արդեն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք կհանդիպեն նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ազգային ժողովում նախատեսված է նաև Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և ամերիկյան պատվիրակության ղեկավարի ասուլիսը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: