Տավուշի մարզի Բերդ համայնքում սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո իրավապաշտպան Անտոն Իվչենկոն իրավիճակն աբսուրդային է որակում:
«Եթե փաստերը դնենք իրար կողք, ապա իրավիճակը աբսուրդային է»,-Forrights.am-ին ասում է Իվչենկոն:
Իսկ փաստերը հետևյալն են՝ ընտրություններում հաղթել է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը (5683 ձայն/11 մանդատ) այն դեպքում, երբ այդ համայնքապետը պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով անազատության մեջ էր: Սակայն օրերս նա կալանավայրից ինքնաբացարկի դիմում է ներկայացնում, ինչից անմիջապես հետո դատարանը որոշում է 6 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Մանուչարյանին:
Սակայն սա դեռ ամենը չէ. Մանուչարյանի տեղակալ Սամվել Հովսեփյանը, որը նույն դաշինքի համամասնական ցուցակում 2-րդն էր և նրանից հետո համայնքի ղեկավարի ամենահավանական թեկնածուն, նույնպես անազատության մեջ է: Նա սեպտեմբերի 30-ին կալանավորվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով, հոկտեմբերի 1-ին հացադուլ հայտարարել, իսկ հոկտեմբերի 6-ին հայտնել է ինքնաբացարկ՝ հրաժարվելով Բերդի համայնքապետի պաշտոնի նկատմամբ հավակնություններից:
Նկատի ունենալով Հարություն Մանուչարյանի հետ կատարվածը, երբ վերջինը ազատ էր արձակվել ինքնաբացարկ հայտնելուց հետո, փորձեցինք Հովսեփյանի փաստաբանից պարզել՝ հնարավո՞ր է Հովսեփյանը ևս ազատ է արձակվել կալանքից: Սակայն Գոռ Սաղոյանն ի պատասխան ասում է, որ իր պաշտպանյալը դեռևս գտնվում է կալանավայրում: «Հովսեփյանին կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել ենք, սակայն Վերաքննիչ դատարանը դեռևս նիստ չի նշանակել», -ներկայացնում է փաստաբանը:
Հիշեցնենք՝ Բերդում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, «Զորավոր համայնքից» հետո երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, որն ստացել էր 4297 ձայն (10 մանդատ), իսկ երրորդը՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 1095 ձայն (2 մանդատ):
Նոյեմբերի 10-ին Բերդի ավագանու առաջին նիստն է, որի ժամանակ ավագանին ընտրելու է համայնքի ղեկավար: Ավագանու ամենաշատ անդամ ունեցող «Զորավոր համայնք» դաշինքում առաջին հորիզոնականների ինքնաբացարկից հետո դեռևս չեն որոշել՝ ում են առաջադրում համայնքի ղեկավարի թեկնածու:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Անտոն Իվչենկոն, որը նաև ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության անդամներից է եղել, ասում է՝ Բերդում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ թեկնածուների վրա ոչ բարեխիղճ ճնշում է գործադրվել:
«Բերդում կատարվածի փաստերը երբ դնում ենք կողք-կողքի և ուսումնասիրում, ակնհայտ է, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուի վրա ոչ բարեխիղճ ճնշում, սպառնալիք է գործադրվել: Կարող է դա համարվի քաղաքական պայմանավորվածություն, բայց նման պայմանավորվածությունների մշակույթը ու նաև հետևանքները տեսել ենք նախկինում և կարծես թե 2018-ին փորձել էինք մերժել այդ երևույթը», -նշում է Իվչենկոն:
Նրա խոսքով, նման իրավիճակ միայն Բերդում չէ: Թվարկում է՝ Վանաձորում, Գորիսում, Վարդենիսում, Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխանությունը տարբեր կերպ, տարբեր մեթոդներով հետապնդման կամ ճնշման է ենթարկել իրեն ընդդիմադիր թեկնածուներին:
Այդուհանդերձ, ըստ Իվչենկոյի, սեպտեմբերի 25-ին 18 համայնքներում տեղի ունեցած ընտրությունները չնայած շատ խնդրահարույց իրավիճակների, լեգիտիմ են: «Կա միտում նոր ընտրակարգի պայմաններում ավելի վերահսկելի, նվազ մարցակցային ու նվազ բարեխիղճ դարձնել ընտրությունները: Կա վտանգ, որ մեկ-երկու ընտրական փուլեր անց, ունենալու ենք խնդիր, երբ ինքնաբացարկը դառնում է նորմ, երբ կուսակցությունները դուրս են մնում ընտրապայքարից, երբ քվեարկությունը դառնում է զուտ ֆորմալություն՝ ընտրողների այս կամ այն զանգվածը ֆիքսելու համար», -ասում է Իվչենկոն:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: