Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մանրամասնելով՝ հիմնական ծառայությունը 21 օր է, 25 է նշվում՝ կազմակերպական հատվածն ապահովելու համար։
Ըստ նախարարի՝ քաղաքացին 7 օր անցնում է պատրաստություն, 14 օր՝ մարտական հերթապահություն։ «Մենք նրանց հնարավորություն ենք ընձեռելու ժամկետ ընտրել։ Պահեստազորում գտնվող ՀՀ քաղաքացին ինքն ընտրում է տարվա մեջ ժամկետը, երբ ինքը կարող է այդ 25 օրը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն», — ասաց նախարարը։
Պահեստազորը պետք է ժամանակ առ ժամանակ պատրաստվի, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով հին համակարգով արվում էին եռամսյա հավաքներ, որոնք շատ երկար ժամանակ պատշաճ չեն իրականացվել, իսկ հետևանքներն, ըստ գործադիրի ղեկավարի, երևացին 2020-ի պատերազմի ընթացքում։
«Կառավարությունը որոշեց եռամսյա հավաքների որդեգրված քաղաքականությունն իրականացնել և այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են, որի հետ կապված խնդիր է լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն, և սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են՝ աշխատավարձ են ստանում, բայց հետագայում եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ, և պետք է դարձնել մեկամսյա և այդ դեպքում այդ պրոբլեմները չեն ծագում»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով այս պրոցեսը բոլորի համար դառնում է պարտադիր։
Հարցը կքննարկվի կառավարության հաջորդ նիստի ժամանակ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: