Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից:
Ըստ ծառայության՝ ձերբակալվել են հարձակման նախապատրաստման ութ մասնակիցներ։
«Ներկայումս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը», — ասել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից:
Ըստ հաղորդման՝ Հայաստանի քաղաքացին Արթուր Տերչանյանն է՝ ծնված 1985 թվականին:
Ընդհանուր առմամբ, այժմ բացահայտվել է նախապատրաստման առնվազն 12 մասնակից։
Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Ռուսական կողմի տվյալներով՝ պայթել է բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ։ Դրանից հետո երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երեք մարդ է զոհվել, առանձին Տելեգրամ ալիքներ հայտնել են ևս մեկ մարդու մահվան մասին։ Վլադիմիր Պուտինը կատարվածն ահաբեկչություն է անվանել ու դրանում մեղադրել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Պաշտոնական Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն մինչ այդ բազմիցս հայտարարել էր, որ Ղրիմի կամուրջին կհարվածի հենց նման հնարավորություն ունենա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: