Անանիա Արամյանը 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում  2020  թ հոկտեմբերի 11-ին Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով  Մարտունուց ուղարկվել էր Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չէր փրկվել: Ուղիղ երկու տարի առաջ այս օրը  Արամյանների տանը հնչել էր Անանիայի վերջին հեռախոսազանգը:

Իր վաշտի 73  զինծառայողների հետ Անանիան 140 օր համարվում էր անհետ կորած: Եւ միայն ԴՆԹ հետազոտության միջոցով է, որ նրան հնարավոր է եղել գտնել դեռեւս դեկտեմբերին Հադրութում հայտնաբերված մասունքների մեջ: Զինծառայողի մասունքները ծնողներին են հանձնվել մաս մաս, ինչի հետեւանքով հայրը ստիպված է եղել որդու շիրիմը մի քանի անգամ բացել ու նորից հուղարկավորել:

«Այսօր նստած էինք, անընդհատ ժամին էի նայում: Ասեցի` տղես հենց հիմա կենդանի է: Քիչ առաջ ժամին նայեցի, ասեցի` իմ բալեն էլ չկա: Էսպես է անցնում մեր կյանքը: Իմ տղան ինձ համար երբեք անցյալ չի դառնա: Ես իմ էրեխուն երեք անգամ հողն եմ դրել, բայց մինչեւ հիմա սպասում եմ: Հեռախոսս անընդհատ մոտս եմ պահում, գոնե զանգ եմ սպասում: Ուրիշ էլ ոչ մի բան ինձ հետաքրքիր չի»,- ասում է Անանիայի հայրը` Սամվել Արամյանը:

Տղաների հետ տեղի ունեցածի մասին իրականությունը պարզելու համար զինծառայողերի  ընտանիքի անդամները իրենք էին այցելել Արցախ, կապվել հրամանատարական կազմի ողջ մնացած անդամների հետ ու փորձել սեփական ուժերով վերականգնել ողբերգական իրադարձությունները:

Նախաքննությունն այս գրոծով այժմ ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք , ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Հայտնի է, որ որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները  իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:

Սամվել Արամյանի խոսքով, ինչ պատժի էլ արժանանան մեղադրյալները, իր համար որեւէ սփոփանք չի լինի.«Եթե նրանք 10, 20, 30 տարի էլ նստեն, դրանից իմ սիրտը չի հովանա: Հիմա ով ինչ էլ անի, մեր էրեխեքին հետ չի բերի, բայց եթե նորմալ դատավճիռ լինի, մենք կիմանանք, որ անպատժելիությունը գոնե ինչ-որ չափով վերանալու է ու մարդիկ իմանալու են, որ իրանց արած  քայլերը, որոնք բազմաթիվ տղաների կյանքեր են խլել, ունեն հետեւանքներ»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest