Ցմահ դատապարտյալ Արամ Խաչիկյանը 2019 թվականից պայքարում է իր դատավճռի դեմ։ Հացադուլ է հայտարարել, հանդիպումներ է պահանջել տարբեր պաշտոնյաների հետ, նրա հարազատներն են ընդունելության գնացել արդարադատության նախարարություն։
Նա համարում է, որ իր պատիժը՝ ցմահ ազատազրկում, ենթակա է վերանայման։
Արամ Խաչիկյանը ազատազրկվել է 2006 թվականին առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար։
Խանդի հողի վրա հետապնդել է իր կնոջը, որը խուսափում էր իրենից։ Իմանալով կնոջ դավաճանության մասին գնացել է նրա տուն, բայց դուռը բացել է կնոջ տատիկը, որին Արամ Խաչիկյանը սպանել է դանակի 40 հարվածով, ապա նաև կողոպուտ է կատարել նրա տանից։
Իր մեղքը այս տարիների ընթացքում Խաչիկյանը ընդունել է։ Հարազատներին ասել է նույնիսկ՝ չկա օր, որ չմտածի իր արարքի մասին։ Այնուամենայնիվ, նա գտնում է, որ
իր պատժաչափը ենթակա է վերանայման, քանի որ 2006 թվականից հետո երկու անգամ քրեական օրենսդգիրք է փոխվել, և երկու անգամ փոփոխվել է սպանության համար սահմանված ազատազրկման ժամկետը, սակայն իր դատավճիռը չի վերանայվել։
Բանտում անցկացրած տարիների ընթացքում Արամ Խաչիկյանը մանրամասն ուսումնասիրել է քրեական օրենսգիրքն ու եկել է եզրակացության, որ ցմահների գործերը պետք է բոլորը վերանայվեն։ Նա իր փաստաբանի՝ Մոնիկա Մարգարյանի միջոցով մեզ փոխանցեց իր դատողությունները սույն առարկայի շուրջ։
Արամ Խաչիկյանը գրությունը հրապարակում ենք առանց փոփոխության։
«Մենք որ դատապարտվել ենք մինչև 2011 թվականը, դատապարտվել ենք այն ժամանակ, երբ սպանության համար սահմանվում էին 8-ից 15 տարի ազատազրկում և ցմահ։ 11 թվականին, երբ նոր քրեական օրենսգիրքը ընդունվեց, ժամկետները փոփոխվեցին, դառնալով 14-ից 20 տարի ու ցմահ։ Սա արվեց, որպեսզի ցմահների թիվը փոքրանա, նրանք այդքան շատ չլինեն։ Եւ իրոք, 2003-ից մինչև 2011 թվականը, մինչև օրենսգրքի փոփոխությունը, 60-ից ավելի ցմահներ կային, իսկ 2011 թվականից մինչև էսօր երևի, մի 6-7 մարդ է դատապարտվել ցմահ ազատազրկման։ Ստացվում է, որ եթե ես ավելի ուշ դատապարտվեի, 2011 թվականից հետո, ես չէի ստանա այդ պատիժը, այլ ինձ կտային, ասենք, մի 17 տարի, կամ 18 տարի։ Այո, ես ընտանեկան հարցի շուրջ կնոջս տատուն եմ սպանել։ 2006 թվականի նոյեմբերին։ 2011 թվականի օրենքի փոփոխությունը ու նաև այս վերջին քրեական օրենսգրքի փփոխությունը սա լավացում ա, Ես պահանջում եմ, որ վերանայեն, վերահաշվարկեն իմ պատժի ժամկետը։ Ես չեմ ասում ՝ չեմ սպանել, ես իմ մեղքը ընդունել եմ, զղջացել եմ։»։
Նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սկսվել է դատապարտյալների արարքների համապատասխանեցման գործընթացը նոր օրենսգրքին։ Դատապարտյալներին տանում են դատարան։ Ցմահ դատապարտյալ Արամ Խաչիկյանին էլ են օրերս տարել դատարան, նրա գործով նիստ է եղել։ Դատավոր Ջոն Հայրապետյանը նիստի ժամանակ ընդունել է, որ Խաչիկյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանի պնդումներն արդարացի են, սակայն անփոփոխ է թողել դատավճիռը։
Ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ։ Forrights.am-ի հարցին փաստաբանը պատասխանեց․ «Ես որոշում դեռ չեմ ստացել։ Դատարանի պատճառաբանություններն ինձ անհայտ են։ Բայց կա այդ խնդիրը, որ 2011 թվականին նա դիմել է դատարան պատժաչափի համապատասխանեցման հարցով և դատարանն իրեն այն ժամանակ նույնպես մերժել է։ Հիմա բոլորին տանում են դատարան, որպեսզի արարքները համապատասխանեցնեն նոր օրենսգրքին, որովհետև շատերի վրա նոր փոփոխությունները տարածվում են։ Մենք չենք վիճարկում Արամ Խաչիկյանի դատապարտումը։ Եթե օրենքն ունի բարենպաստ նորմ, որին հետադարձ ուժ է տրվում։ Օրինակ, եթե նախկինում սանկցիան եղել է 5-ից 10 տարի, նոր օրենքով դարձել է 5-ից 7 տարի, հնարավոր է, այդ մարդկանց համար ավելի մեղմ պատժաչափ սահմանվի, կամ տարածվի նրանց վրա, ովքեր դատապարտվել են մի արարքի համար, որն ապաքրեականացվել է։ Բայց Արամ Խաչիկյանի մեղադրանքի մասով՝ սպանություն, փոփոխություն չկա», — ասում է Մոնիկա Մարգարյանը։
Դատարանում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Փաստաբանը պատմում է, որ երբ ներկայացրել է իր հիմնավորումները դատարանում օրենքի բարենպաստ նորմին հետադարձ ուժ տալու վերաբերյալ, դատավորը նրան հարցրել է, թե ինչու է այդ ամենը ասում, չ՞է որ իրենք ընդամենը մեխանիկական աշխատանք են կատարում։
«Այդ դեպքում ինչո՞ւ ենք այստեղ հավաքվել, եթե դուք ընդամենը մեխանիկական աշխատանք եք կատարելու», — պատասխանելէ փաստաբանը, տարևակուսանք արտահայտնելով առ այն, որ պետությունը ռեսուրս է ծախսում, հնարավորություն է ստեղծում, մարդիկ են բերվում դատարան, նիստ են անցկացնում, որ մեխանիկական աշխատանք արվի։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: