Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպումից հետո։
«Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հրավերով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը։
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որոնց՝ երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նրանք հաստատել են, որ այն կարող է հիմք հանդիսանալ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների համար, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում մինչև հոկտեմբերի ավարտը։
Հայաստանը համաձայնություն է հայտնել՝ դյուրացնելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։ Առաքելության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամսով։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների գործունեությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: