Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում Մալաքյանների տան պատերին Արենի գեղանկարներն են, որոնք սեպտեմբերի 13-ից հետո նրա ծնողների՝ Ալեն Մալաքյանի և Քրիստինե Հախվերդյանի համար Արենից մնացած հուշ են դարձել՝ տխուր, միևնույն ժամանակ՝ սիրտ ջերմացնող:

19-ամյա Արեն Մալաքյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով Վարդենիսի դիրքերից մեկում զոհված զինծառայողներից մեկն է: Երեք օր տևած կարճատև մարտերի հետևանքով զոհվել և անհետ կորած է համարվում 206 հայ զինծառայող:

«Հայաստանը մեծ արվեստագետ կորցրեց», -Արենի գեղանկարները ներկայացնելիս ասում է նրա քույրը՝ Մանե Զուլալյանը:

Մարգահովիտի դպրոցն ավարտելուց հետո Արենն ընդունվել էր Վանաձորի համալսարանի «Կերպարվեստ» բաժինը: «Շատ էր սիրում նկարել: Նկարելն իր տարերքն էր». -ասում է Մանեն: Արենի հայրը՝ Մալաքյան ավագը, շինարար է, մայրը՝ տնային տնտեսուհի, իսկ փոքր եղբայրը՝ Տիգրանը, դպրոցական է: Քույրն ասում է՝ Արենը ժամանակ առ ժամանակ օգնում էր հորը, շինությունների պատերին գծանկարներ անում:

Ինսթագրամում Արենի ստեղծած էջը դեռևս ակտիվ է: Այնտեղ նրա ձեռքի գործերն են՝ սևուսպիտակ Չարենց, Իսահակյան, Սևակ, Մհեր Մկրտչյան: Նրանց կողքին նոր ժամանակների ոչ թե մտավորականներն են, այլ պատերազմում զոհված հերսները՝ Ռոբերտ Աբաջյան, Ալբերտ Հովհաննիսյան: Նաև՝ սիրող զույգերի ու գեղեցկուհի աջիկների դիմանկարներ է արել: Դրանք Արենի համար եկամտի փոքրիկ աղբյուր են եղել:

«Անընդհատ պատերազմի հերոսներին էր նկարում, ու հիմա ինքը չկա …», -արտասվում է քույրը: Մանեն ասում է՝ չի գտնում բառեր նկարագրելու Արենի նկատմամբ սերը և դատարկությունը, որը մնացել է եղբոր մահից հետո:

«Շատ յուրահատուկ մարդ էր,- նկարագրում է Մանեն ու շտապով հավելում,- սա չեմ ասում, որովհետև իմ եղբայրն է: Չէ, ուղղակի այդպիսին էր՝ հոգատար, սիրով լի, մշտապես հետաքրքրվում էր, ասում էր՝ չմտածես բանակում եմ, ուրեմն մենակ ես: Ես իմ թիկունքին պաշտպան ունեի ու ինձ շատ ուժեղ էի զգում: Արենի կորստի հետ համակերպվել չի լինում. էլ չի գալու, չի զանգելու ու խորհուրդներ չի տալու, էս փաստը ուղղակի անտանելի է, ոչ ոքի չեմ ցանկանում սենց ցավ, որը հիմա մեր բոլորի սրտերում է ու հոգում»:

Մանեն Վանաձորի պետական համալսարանի ուսանող է, ասում է դժվարությամբ է գնում համալսարան, այնտեղ, որտեղ իրեն ու մյուսներին դիմավորում է Արենի ժպտացող լուսանկարը: «Ամեն անգամ մտնում եմ համալսարան ու իր նկարն է աչքիս առաջ, չեմ կարողանում հավատալ, որ արդեն նկարներից եմ կարոտս առնելու: Ես տեսել եմ իրան տենց, համբուրել եմ, բայց մեկ է, հավատում եմ, որ սա ուղղակի վատ երազ է, որ մի օր գալու է», -ապրումներն է ներկայացնում 20-ամյա աղջիկը:

Մանեի խոսքով, եղբայրը ընտրյալ ուներ, սիրահարվել էր, բայց իր զգացմունքների մասին չէր ասել աղջկան. «Անընդհատ ասում էի՝ ինչի՞ չես ասում զգացմունքներիդ մասին, ասում էր՝ էս են տեղը չի, որ ես ինչ-որ մեկին սեր խոստովանեմ, որովհետև չգիտեմ, թե հաջորդ պահին ինչ կլինի իմ հետ ու … եղավ ամենավատը»:

Հասմիկ Համբարձումյան

Արեն Մալաքյանի ձեռքի աշխատանքները՝

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest