Վերջին հայ ընտանիքը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից հեռացել է օգոստոսի 23-ին։ Իսկ օգոստոսի 25-ին գյուղը պաշտոնապես հանձնվել է Ադրբեջանի Հանրապետությանը։ Սա Աղավնոյի բնակիչների համար 44-օրյա պատերազմից հետո երկրորդ հրաժեշտն էր հայրենի գյուղին։
Նրանք մոտ 350 հոգի էին՝ Աղավնոյի բնակիչները
Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից 51-ը հանձնվել էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո: Իրավական հիմքը նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն էր: Մնացած երեք գյուղերի՝ Աղավնոյի, Բերձորի, Սուսի բնակիչների վիճակը անորոշ էր։ Նրանց մի մասը հեռացավ գյուղից, մյուսները՝ ամենահամառներն ու ամենալավատեսները, մնացին ու ապրեցին հույսով։ Վերջապես նոյեկբերի 27-ին նրանց ասվեց, որ, Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական: Մարդիկ ուրախացան, մնացին տներում։ Հեռացածները վերադարձան։
Եւ ահա, երկու տարի անց, 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից նոր և արդեն վերջնական հրահանգ հնչեց՝ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները, քանի որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնոն, Սուսը և Բերձոր քաղաքը, հարակից բնակավայրերով, անցնելու են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։
Նրանք մոտ 350 հոգի էին՝ Աղավնոյի բնակիչները։ Երեք ընտանիք տները վառեց։ Մնացածը ձեռք չտվեցին հարազատ օջախներին, որովհետև Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը պատմական հայտարարություն էր արել՝ նրանք, ովքեր այրեն իրենց տները, նոր տուն գնելու սերտիֆիակտ չեն ստանա։
«Էսօր տուն վառողն էլ, չվառողն էլ նույն օրի են։ Ոչ մեկիս էլ չտվեցին սերտիֆիկատ։ Ու հայտնի չի, թե երբ կտան։ Ամեն մարդ չի, որ գնացել է բարբարոսության։ Մի երեք-չորս բնակիչ տունը վառեց։ Մյուսներս թողեցինք, գնացինք։ Հե՞շտ ա վառել քո ձեռով էդքան տարի դրած տունը։ 24 տարի ապրել եմ Աղավնոյում, 98 թվից, 18 տարի դպրոցում դասվար եմ ա շատ դժվար է, շատ եմ հիշում մեր տունը, մեր գյուղը։», — ասում է թոշակառու մանկավարժ Սոնյա Միրումյանը։
«Իմ տան վկայականում գրած չի, որ եթե երեք ամիս այնտեղ չապրեմ, տունս կվերցնեն»
Այժմ նա ապրում է Չարենցավանում, որդու տանը։ Արցախի իշխանությունները զրկել են թոշակառու կնոջը տան սերտիֆիկատից, որը տրվում է տեղահանված արցախցիներին նոր տուն ձեռք բերելու համար։
Բանն այն է, որ 2020 թ․ պատերազմի հետևանքով տեղահանված արցախցի ընտանիքները կարող են պետության հաշվին կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները, եթե նրանք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակվել են ԱՀ առանձին շրջաններում, եթե նրանք հաշվառված են Արցախի Հանրապետությունում և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակվել են այնտեղ։
Տիկին Սոնյան կորոնավիրուսի և պատերամզի պատճառով մի քանի ամիս բացակայել է Աղավնոյի տանից, և հետևապես զրկվել է սերտիֆիկատ ստանալու իրավունքից։ Նա նաև չի ստանում տեղահանվածներին հասանելիք ամսական 40 հազար դրամ աջակցությունը։ Արցախի տարածքային կառավարման նախարարությունում տարեց մանկավարժին բացատրել են, որ 2020-2021 թթ․ երեք ամիս բացակայել է Աղավնոյից և չի կարող նոր տուն ձեռք բերել բյուջեի հաշվին։
«2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուս եմ ընկել, սիրտանոթային խնդիր եմ ունեցել, եկել եմ Չարենցավան, տղայիս տուն։ Հետո պատերազմ սկսվեց, ես էլ չգնացի, մնացի։ Պատերազմից հետո, 21 թվականի ապրիլից, երբ որ բնակչությունը հետ գնաց Աղավնո, ես էլ գնացի մեր տուն։ Հիմա ինձ ասում են՝ դուք չեք ստանա սերտիֆիկատ, որովհետև երեք ամիս բացակայել եք տանից։ Դա արդա՞ր է։ Ես Աղավնոյի տան համար ունեմ սեփականության վկայական ու վկայականում գրած չի, որ եթե երեք ամիս այնտեղ չապրեմ, տունս կվերցնեն», — ասում է Սոնյա Միրումյանը։
Միակ օգնությունը, որ նա ստացել է՝ «Կարմիր Խաչի» տված 300 հազարն է եղել։ Այդ գումարը նա օգտագործել է իրերը Հայաստան տեղափոխելու համար։
Սերտիֆիկատից զրկվել է երեխայի հիվանդության պատճառով
Աղավնոյի նախկին բնակիչները ցրվել են Հայաստանով ու Արցախով մեկ։ Ապրում են, ով որտեղ պատահի, ով որտեղ բարի բարեկամ, կամ հարազատ ունի։ Պետությու նից նրանք ստանում են յուրաքանչյուրը ամսական 40 հազար դրամ, որը հիմնականում օգտագործում են բնակտարածքի վարձակալության համար։
Մարինե Երիցյանի ողջ կյանքը եղել է պայքար տան համար։ 98 թվականից Աղավնոյի բնակիչ է։ Երեխաների, ամուսնու և նրա ծնողների հետ երկար ժամանակ բնակվել է մեկ սենյականոց տանը։ Հետո ամուսնու հարազատներից մոտ 5000 մետր հող է ժառանգել, որը նվիրել է պետությանը, փոխարենը Աղավնոյում նոր տուն ստանալով։ Մարինեի երջանկությունը տևել է մինչև 2020 թվականի օգոստոսը։ Ամուսինը մահացավ իշեմիկ ինսուլտից, սկսվեցին նյութական խնդիրներ։ Կոմունալ ծախսերն անգամ Մարինեն չէր կարողանում հոգալ։ Այն ժամանակ՝ 2020 թվականին, նա ստիպված եղավ կրտսեր որդուն տեղափոխել Երևան, Ջրվեժ թաղամաս, որտեղ ապրում են Մարինեի ծնողները։ Երեխան ծանր անբուժելի հիվանությամբ է տառապում, և Մարինեն ստիպված պարբերաբար մեկնում էր Երևան։ Ինչպես և մանկավարժ Սոնյա Միրումյանին, Մարինեին ևս զրկել են սերտիֆիկատ ստանալու հնարավորությունից, քանի որ նա վերջին երեք ամիսը անընդմեջ չի բնակվել Աղավնոյում։ «Ես Աղավնոյի տունը երբեք չեմ թողել։ Հոսանքս անջատել էին, բայց ես անընդհատ եկել գնացել եմ, ու օգոստոսին մուծում եմ արել։ Սա շատ սխալ կանոն է։ Մենք ընդամենը 350 հոգի ենք, այնքան շատ չենք, որ չկարողանան մեզ ապահովել», — ասում է Մարինեն։ Հիմա նա երեք երեխաների հետ, քրոջ, նրա երեխաների ու մոր հետ մնացել է հորական փոքրիկ տանը։ Սեփական փոքր անկյունը նրա համար այսօր էլ երազ է, ինչպես երազ էր 20 տարեկանում։
«Քարտուղարն եմ գյուղի, որն էլ չկա»
Աղավնոյի գյուղապետարանի աշխատակից Աննա Հարությունյանը Չարենցավանում է հանգրվանել։ Օգոստոսի 20-ին է թողել Աղավնոն։ 6 երեխաների հետ տեղափոխվել է վարձով տուն, որի համար վճարում է ամիսը 80 հազար դրամ։ Տան վարձը մուծելու համար ծախսում է պետական աջակցության 40 հազարը և անչափահաս երեխաների համար որպես ն պաստ տրվող 43 հազար դրամը։ Ապրում են ավագ դստեր և իր աշխատավարձով։ վաճառող տեղավորվել Չարենցավանի սուպերմարկետներից մեկում, բայց նրան ասել են՝ փախստականների համար աշխատանք չկա։ Ստիպված է եղել Երևանում գործ գտնել։ Արդեն 15 օր է, աշխատում է։ Չնչին վաստակը ծախսում է Երևան-չարենցավան ճանապարհին և մի փոքր մաս էլ մնում է սնվելու համար։
Չնայած այս բարդություններին, Աննան շարունակում է զբաղվել իր համագյուղացիների խնդիրներով։ Նա այսօր էլ Աղավնոյի գյուղապետարանի քարտուղարն է, թեև Աղավնոն այլևս չկա։ Տեղեկանքներ է տալիս, ցուցակներ է պատրաստում, զանգերի է պատասխանում։ Նրա համագյուղացիները Ջերմուկում են, Գորիսում, Տեղ գյուղում, Էջմիածնում, Ստեփանակերտում, Երևանում։ «40 հազար դրամը մեծ օգնություն է, միայն թե ամեն ամիս տան։ Մնում է, աշխատեն, որ կարողանան ապրել։ Մեկ էլ լավ կլինի, որ փախստականներին թարս չնայեն, չնայած՝ հայաստանցիների մեծ մասը մեզ լավ են ընդունում», — ասում է Աննա Հարությունյանը։ Ըստ նրա, հիմնական խնդիրն այն է, որ աջակցությունները ուշացումով են տալիս։ «Կան մարդիկ, որոնք ցուցակներում մինչև հիմա չկան։ Մարդիկ եղան, որ զուտ տեխնիկական խնդիրների, ուշացումների, ցուցակների թերության պատճառով իրենց աջակցությա գումարները չստացան», — ասում է Աննա Հարությունյանը։
Ե՞րբ են Արցախից տեղահանվածները սերտիֆիկատներ ստանալու։ Forrights.am-ի հարցին Աշխատանքի և սոցիալական աջակցության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը պատասխանում է․«Հստակ դժվարանում եմ նշել։ Կարող եմ ասել, որ առաջիկայում կամբողջացվի սերտիֆիկատների տրամադրման գործընթացը»։ Ըստ խոսնակի, Աղավնոյի բնակիչները Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների հետ հավասար պայմաններով օգտվելու են բնակարանային աջակցության պետական ծրագրից, որը իրականացնում է նախարարությունը։ «Դիմումները ընդունում է մեր նախարարությունը, բայց դրանք համադրվում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների հետ, որի արդյունքում տրվելու են սերտիֆիկատներ», — ասաց խոսնակը։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: