Համացանցում հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինծառայողները առանձնակի դաժանությամբ սպանում են մի քանի հայ զինծառայողի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, ռազմական հանցագործության մասին վկայություն է։
«Տեսանյութը բացահայտում է պատերազմական հանցագործություն, քանի որ կան գերեվարված անձինք, որոնք արդեն իսկ պաշտպանվում են մարդասիրական իրավունքով, որը չի թույլատրում նրանց նկատմամբ զենք գործադրել։ Նրանք լեգիտիմ ռազմական թիրախ չեն», -Forrights.am-ին ասում է Սիրանուշ Սահակյանը։
Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված զինված հարձակման հետևանքով գերի ընկած հայ զինծառայողների դաժան սպանության մասին տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինծառայողները կրակահերթով սպանում են շարքով կանգնած հայ զինծառայողներին, մեծ աղմուկ էր բարձրացրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում երևույթը որակել էր մահապատիժ ու հավելել․
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»։ Միջազգային հանրությունից տեսանյութում հայ զինծառայողների դաժան սպանությանը արձագանքել էր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն», թվիթերում գրել էր Կլաարը։
«Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին», -տեսանյութի հանրայնացումից հետո հայտարարություն էր տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
Սիրանուշ Սահակյանն ասում է՝ մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո գտնվող անձանց արտադատական կարգով սպանելը միջազգային իրավունքի ծանր խախտում է և պատերազմական հանցագործություն է։
«Այս հանցագործությունը ոչ միայն պետք է առաջ բերի այդ հանցագործության իրականացման մեջ ներգրավված անձանց, նրանց հրամանատարների պատասխանատվություն, այլ նաև՝ պետության։ Մենք տեսանյութում տեսնում ենք խմբային գնդակահարություն, որը նաև մասշտաբի մաս է», -ասում է Սիրանուշ Սահակյանը։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ուսումնասիրել էր տարածված տեսնայութը և պարզել, որ հայ ռազմագերիներին գնդակահարկության գործողությունը կատարողները ադրբեջանական նորաստեղծ «Կոմանդո» (Komando) ջոկատի զինվորականներն են։ «Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով հայ բնակչությանը ահաբեկելու», -նշվում է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։
Սիրանուշ Սահակյանի խոսքով, «Կոմանդո» ջոկատի անձնակազմը հատուկ պատրաստություն է անցել Թուրքիայի Զինված ուժերում, հետևաբար որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական պատերազմական հանցագործություններին։ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, ինչպիսին օրինակ ԱՄՆ-ն է, ըստ Սահակյանի, պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն մարդու իրավունքների նման ոտնահարումների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հարցում։
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը հաստատել է իր մոտ գտնվող 17 ռազմագերու մասին, որոնց սեպտեմբերի 30-ին վերադարձնելու մասին խոսք է տվել հայկական կողմին։ Խոստումը հնչել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ սեպտեմբերի 27-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ։
«Եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին։ Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,-այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր Արմեն Գրիգորյանը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ տարածված տեսանյութը կօգտագործվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ևս մեկ անգամ բարձրացնել հայ ռազմագերիների պաշտպանության հարցը։ Ավելին, ներկայացվող տեսանյութը կարող է շտապեցնել Եվրոպական դատարանին, Արդարադատության միջազգային դատարանին իրենց կողմից կայացնելիք որոշումների հարցում։ «Սա ճչացող փաստ է, որը ներկայացնելու ենք Եվրոպական դատարան», -ասել է Կիրակոսյանը։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բնականաբար, պաշտպանելու է սպանվողների կյանքի իրավունքը, արձանագրելու է փաստերը, նաև գնահատականներ է տալու պատերազմական հանցագործության վերաբերյալ, պահանջելու է, որ իրականացի փոխհատուցում, ինչպես նաև վերահսկելու է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Բայց պետք է նկատի ունենանք, որ Եվրոպական դատարանը 3-6 տարուց շուտ այս կոնֆլիկտի գործերով վճիռներ չի կայացնելու», -Forrights.am-ին ասում է Սահակյանը։
Նա, իհարկե, կարևորում է այս քայլերը, սակայն շեշտում է՝ այս դեպքում անհրաժեշտ են անմիջական ազդեցություն թողնող քայլեր, ինչը համարվում է քաղաքական ներգործությունը, քաղաքական պատժամիջոցները։ «Քաղաքական պատժամիջոց Ադրբեջանի նկատմամբ կարող է կիրառել Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Կանադան և այլ երկրներ, որոնք ունեն սանկցիաների ռեժիմներ մարդու իրավունքների խախտումների դեպքում», -ընդգծում է Սահակյանը։
Իրավապաշտպանն ասում է, որ միջազգային իրավական կազմակերպություններին այս գործերով արդյունավետ քննություն իրականացնելու մասին պահանջ ներկայացնելուց բացի, ցանկալի կլիներ, որ այս հանցագործությունները բացահայտվեին նաև Հայաստանի իրավապահների կողմից։
«Լավ կլիներ, որ ԱԱԾ-ն իրականացներ օպերացիա, որի շրջանակներում Հայաստան կբերվեին այս հանցագործությունների մեջ ներգրաված մի քանի անձ։ Այսինքն՝ կամ կարողանում ենք գործընկերներ գտնել ու դիմել նրանց աջակցությանը, կամ պետությունը ուժեղանում է և տեսնելով երկակի ստանդարտները առանց քննադատելու, բողոքելու, լացելու, մոբիլիզացնում է սեփական ռեսուրսները ու սեփական միջոցներով ինքնապաշտպանվում է։ Պետք է բոլոր մեխանիզմները աշխատեն, եթե բոլոր ձախողեն, մենք ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքների տակ ենք ընկնում»,- նշում է Սահակյանը։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: