Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:
«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում: Սրա վերաբերյալ տեղեկացրել ենք նաև մեր գործընկերներին»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով հարցերին, նշեց, որ, երբ զորքերը նման հեռավորության վրա են գտնվում միմյանցից, դա լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ՝ թեկուզ տեղային բախումների, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ հրահրվում են նման բախումներ:
«Նաև դրանից ելնելով է, որ հայաստանյան ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպեսզի տեղային սուբյեկտիվ դրսևորումներից հնարավորինս զերծ մնանք»,-ասաց Սանոսյանը:
Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել էին Գեղարքունիքի մարզի՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: